«Իշխանությունը վտանգում է նաև միջազգային վարկանիշը». Արսեն Բաբայան

08/05/2025 Քաղաքական

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․

«Իշխանության ներկայացուցիչների համակարգված սպառնալիքները

2025 թվականի մայիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավորներին «ԱԱԾ պադվալ ուղարկելու» մասին հայտարարությունից հետո արձանագրված զարգացումները վկայում են պետական իշխանության կողմից քաղաքական դաշտի, խորհրդարանական ընդդիմության և իրավապաշտպան հատվածի նկատմամբ համակարգված ճնշման և վարկաբեկման արշավի մասին։

Մայիսի 8-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ «շուտով գլխավոր դատախազը գալու է որոշակի մարդկանց հետևից», իսկ նույն օրը կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան «Հինգ իրավապաշտպանների» հայտարարության, սոցիալական ցանցում հանդես է գալիս խորը անհարգալից գրառմամբ՝ փորձելով ծաղրի ենթարկել մարդու իրավունքների պաշտպանության բուն էությունը։

Որպես իրավապաշտպան՝ արձանագրում եմ.

1) ՀՀ իշխանության բարձրագույն ներկայացուցիչների՝ միմյանց հաջորդող հայտարարությունները չեն կարող գնահատվել որպես զուտ անհատական արտահայտություններ։ Դրանք ներկայացնում են համակարգային մարտավարություն՝ ընդդիմության և քաղաքացիական վերահսկողության վերացման նպատակով։

2) ԱԺ նախագահի կողմից դեռ չներկայացված դատախազական միջնորդության նախանշումը դիտվում է որպես բացահայտ միջամտություն քրեական հետապնդման գործընթացին և կարող է դիտվել որպես դատախազության քաղաքական ուղղորդման փաստացի հաստատում։

3) Կառավարության աշխատակազմի ղեկավարի հրապարակային ծաղրը՝ ուղղված իրավապաշտպան հայտարարությանը, բացահայտում է, որ պետական պաշտոնյաները պատրաստ են կործանել իրավունքի և պետության միջև եղած հնարավոր վստահության կամուրջը՝ արդարադատության և իրավունքի գերակայության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով։

4) Սա արդեն քաղաքական գնահատականների կամ դիրքորոշումների պայքար չէ։ Սա արժեքային տիրույթում ընթացող պայքար է՝ ժողովրդավարական Հայաստան ունենալու ձգտող քաղաքացու, քաղաքացիական հասարակութան և դրա դեմ պայքարող իշխանական համակարգի միջև։

Ես համոզված եմ, որ նման մոտեցմամբ իշխանությունը վտանգում է ոչ միայն պետական ինստիտուտների լեգիտիմությունն ու ժողովրդավարության հիմքերը, այլև միջազգային վարկանիշը, և այս գործընթացի համար պատասխանատվությունը կրելու են այդ նույն հայտարարությունների հեղինակները»։