Խորհուրդ՝ Հայաստանի Հանրապետությանը՝ ամերիկյան լոբբիստական ընկերություն վարձելուց հետո. Սասունյան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյան լոբբիստական ընկերություն՝ իր շահերը Միացյալ Նահանգներում առաջ մղելու համար։ Մի քանի տարի առաջ Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում վարձել էր մեկ այլ լոբբիստական ընկերություն, բայց միայն կարճ ժամանակով։
Նման ընկերությունների արժեքի գնահատման կամ ըմբռնման բացակայության պատճառով Հայաստանի ղեկավարները դժկամ էին ներդնել անհրաժեշտ գումարներ նման մի ընկերություն վարձելու համար։
Նույնիսկ Միացյալ Նահանգներում մարդկանց մեծ մասը, ներառյալ ամերիկահայերը, քիչ է գիտակցում լոբբիստական ընկերությունների կարևոր դերը քաղաքականության մշակման գործում: Մեծահարուստ հայերը սովորաբար նախընտրում են նվիրաբերել համայնքային հաստատություններին, ինչպիսիք են դպրոցները, եկեղեցիները և մշակութային կենտրոնները, որոնք հաճախ անվանակոչվում են նրանց անուններով։ Սակայն, եթե նրանք ֆինանսավորում են PR ընկերությանը, նրանց անունը չի գրվում որևէ շենքի պատին՝ նման ներդրումները դարձնելով ավելի քիչ գրավիչ։
Ես գիտեմ լոբբիստական ընկերությունների արժեքը, քանի որ երկու անգամ կազմակերպել եմ դրանց վարձումը հայկական կազմակերպությունների համար՝ չնայած որ երկու պայմանագրերն էլ վաղաժամկետ դադարեցվել են։ Մինչդեռ, Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները տարիների ընթացքում տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսել՝ բազմաթիվ առաջատար ամերիկյան լոբբիստական/PR ընկերություններ վարձելու համար:
Հատկապես անսպասելի և անհանգստացնող էր, երբ թուրքական կառավարությունը 2017 թվականին վարձեց մի հայի՝ Նյու Յորքի 5W հասարակայնության հետ կապերի ընկերության նախագահ Ռոն Թորոսյանին՝ Թուրքիայի համար PR անելու համար: Ներկայումս Հայաստանի կառավարությունը, Միացյալ Նահանգներում իր դեսպանատան միջոցով, ամսական պայմանագիր է կնքել Վաշինգտոնում գտնվող «Մերկուրի» հանրային ընկերության հետ, ամսական 50 հազար դոլար արժողությամբ՝ 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ը:
«Մերկուրի»-ի պարտականությունն է՝ «տրամադրել ռազմավարական խորհրդատվություն, լոբբինգ, հասարակայնության հետ կապեր և կառավարական հարաբերություններ, ներառյալ ԱՄՆ պաշտոնյաների հետ կապերի հաստատում»։ Հետաքրքիր է, որ ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ էլ Վաշինգտոնում նրա դեսպանատունը չեն հայտարարել այս գործարքի մասին:
Ամերիկյան լրատվամիջոցները բացահայտել են այս տեղեկատվությունն անցյալ ամիս, երբ պայմանագիրը 2025 թվականի ապրիլի 8-ին ներկայացվեց ԱՄՆ Արդարադատության նախարարություն, ինչպես պահանջում է «Օտարերկրյա գործակալների գրանցման օրենք»-ը։ Թե ինչու է Հայաստանը ընտրել «Մերկուրի» ընկերությունը հարյուրավոր այլ վաշինգտոնյան ընկերությունների փոխարեն, մնում է անհայտ։ Հայաստանը որևէ բացատրություն չի տվել այս ընտրության վերաբերյալ։
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը LinkedIn-ում արձագանքել է «Մերկուրի»-ի վարձմանը. «Տասնյակ խոշոր լոբբիստական ընկերություններ ունեցող քաղաքում (Վաշինգտոն), Փաշինյանը ընտրեց այն ընկերությունը, որի բանկային հաշվին թուրքական փողեր կան, իսկ ձեռքերին՝ հայկական արյուն»։
Նա նաև հետաքրքրվել է. «Արդյոք զուգադիպությո՞ւն է, որ Փաշինյանն ու Էրդողանը վարձել են միևնույն լոբբիստին»։ Համբարյանը նկատի ուներ «Մերկուրի»-ի 2018 թվականին Թուրքիայի հետ կնքված պայմանագիրը, որն ընկերությունը խզեց 2020 թվականի հոկտեմբերին, երբ այն հայտնվեց հանրային ուժեղ ճնշման տակ Թուրքիան ներկայացնելու համար, այն ժամանակ, երբ այդ երկիրը ռազմականորեն աջակցում էր Ադրբեջանի ներխուժմանը Արցախ։ Տասնամյակներ շարունակ Վաշինգտոնում գործող երկու հայ-ամերիկյան կազմակերպությունները՝ Ամերիկայի Հայկական Ասամբլեան և ANCA-ն, լոբբինգ են արել Միացյալ Նահանգներում հայկական հարցերի համար։
Սակայն, հաշվի առնելով Հայաստանի կառավարության և այս երկու կազմակերպությունների միջև համակարգման բացակայությունը, «Մերկուրի»-ի վարձումը, հավանաբար, կհանգեցնի նոր հակասությունների, ինչը կնվազեցնի լոբբիստական ընկերության արդյունավետությունը: Թեև Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատունը որոշակի համագործակցություն ունի Հայկական ասամբլեայի հետ, այն որևէ կապ չի պահպանում ANCA-ի հետ: Հաշվի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհանդուրժողականությունը նրա քաղաքականության հետ անհամաձայն յուրաքանչյուրի նկատմամբ, հնարավոր չէ որևէ աստիճանի համագործակցություն դեսպանատան և ANCA-ի միջև:
Արդյունքում, Հայաստանի դեսպանատունը կարող է «Մերկուրի»-ին տալ այնպիսի քաղաքական հրահանգներ, որոնք կհակասեն հայ-ամերիկյան երկու խմբերի կողմից ԱՄՆ պաշտոնյաներին ուղղված ուղերձներին: Օտարերկրյա կառավարությունների մեծ մասը սերտ կապեր ունի Միացյալ Նահանգներում իր էթնիկ համայնքի հետ՝ Վաշինգտոնում իր ազդեցությունը մեծացնելու համար: Ցավոք, Հայաստանի դեպքում այդպես չէ։ Պայմանագիրը, որն ստորագրվել է «Մերկուրի»-ի Ջոն Լոներգանի և Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցի կողմից 2025 թվականի ապրիլի 1-ին, սահմանում է մի շարք ծառայություններ, որոնք «Մերկուրին» համաձայնվել է մատուցել Հայաստանի Հանրապետությանը.
— «Պաշտպանել Հաճախորդի [Հայաստանի] շահերը Կոնգրեսում և վարչակազմում։
— Ընդգծել [Հայաստանի] աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակությունն ու դերը որպես Հարավային Կովկասում ԱՄՆ տարածաշրջանային և համաշխարհային շահերի կարևոր գործընկեր։
— Զարգացնել Հայաստան-Միացյալ Նահանգներ տնտեսական, առևտրային, ներդրումային և տեխնոլոգիական համագործակցությունը։
— Հաճախորդին [Հայաստան] ներկայացնել որպես հեղինակավոր և վստահելի ռեսուրս վարչական պաշտոնյաների համար՝ համապատասխան հարցերը վերլուծելիս և քննարկելիս։
— Ներգրավել մտավորական համայնքին՝ Հաճախորդին հետաքրքրող հարցերի քննարկմանը։
— Հաճախորդին տրամադրել ռազմավարական հաղորդակցության և լրատվամիջոցների հետ կապերի ծառայություններ»։
Զգուշացում. հասարակայնության հետ կապերի և լոբբիստական ընկերությունները սովորաբար բարձր գներով պայմանագրեր են կնքում՝ իրենց հաճախորդներին շռայլ խոստումներ տալուց հետո: Սակայն, առանց Հայաստանի Հանրապետության դեսպանատան կողմից «Մերկուրի»-ի ամենօրյա գործունեության նկատմամբ խիստ վերահսկողության, Հայաստանը ռիսկի է դիմում վատնելու իր ամսական 50 հազար դոլար վճարումները:
Իրենց հաճախորդներին տպավորելու համար այս ընկերություններն ստեղծում են տոննաներով փաստաթղթեր՝ ցույց տալու համար, որ իրենք մշտական կապի մեջ են տարբեր պաշտոնյաների հետ: Նման թակարդից խուսափելու համար Հայաստանի դեսպանատունը պետք է «Մերկուրի»-ից պահանջի կոնկրետ և արդյունավետ արդյունքներ, այլ ոչ թե միայն հանդիպումների և հեռախոսազանգերի վերաբերյալ զեկույցներ:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
–00—ՍՊ