Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Հունաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել փոխգործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով ռազմական կրթության, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման և այլ ոլորտներում գործակցությունն առավել զարգացնելու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:
–00—ՅՄ