Ֆրանսիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի համար․ Խաչատուրյան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության նախագահը ողջունելով պատվիրակության այցը Հայաստան նշել է. «Ֆրանսիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Վերջին երեսուն տարում այսպիսի հարաբերություններ մենք չենք ունեցել, իհարկե, դրանք ավանդույթներով են ձևավորվել և պայմանավորված են մեր ժողովուրդների պատմական կապերով: Այդտեղ առանձնահատուկ դեր ունի Մարսելը, որտեղ Ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցները ջերմ ընդունելություն են գտել և տասնամյակների ընթացքում դարձել են օրինակելի մարսելցիներ և իրենց ներդրումն են բերել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև, որ նախաձեռնել եք շարունակել ու խորացնել համագործակցությունը Երևանի հետ»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար քաղաքապետ Բենուա Պայանը նշել է. «Մեր այցը շատ նշանակալի և կարևոր է մեզ համար, որովհետև մենք ներկայացնում ենք Մարսելը, որտեղ հայերը կարևոր դեր են ունեցել, ունեն և վստահաբար, շարունակելու են այդ դերն ունենալ, և Մարսելը, որպես քաղաք, ինչ-որ չափով հայություն է իր մեջ կրում»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ օրակարգային հարցեր: Դրականորեն շեշտվել է Մարսելի և Երևանի միջև համագործակցության հետագա զարգացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև սերտ համագործակցության ամրապնդման ուղիները։ Կողմերը անդրադարձել են երկու երկրների միջև առկա բազմաշերտ փոխգործակցությանը՝ ընդգծելով քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցությանը զարգացմանն ու առկա համատեղ ծրագրերին, այս համատեքստում շեշտվել է ֆրանսիական լավագույն փորձի փոխառության և կիրառման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի անհրաժեշտությունը։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև պաշտպանական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի արդյունավետ համագործակցության շուրջ՝ կարևորելով այս ուղղությամբ շարունակական ջանքերի ներդրումը։
Հանդիպմանը երկուստեք շեշտվել է կայուն և հարատև խաղաղության հաստատման կարևորությունը տարածաշրջանում։ Մարսելի քաղաքապետը վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի դիրքորոշմանը՝ միջազգային իրավունքի և սկզբունքների, ինչպես նաև պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների խստիվ պահպանման շրջանակներում։
–00—ՍՊ