Հասկացանք, որ խորապես սխալվել են ձեր թեկնածությունը քննարկողները․ Արմեն Գևորգյան

02/05/2025 Քաղաքական

Կարդացի նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանի արձագանքը` այսօր «Հրապարակում» տպագրված լուրին, որտեղ գրված էր, որ իմպիչմենտի գործընթացը գլուխ չգալու պատճառներից մեկն էլ այն է, որ այդ նախագծում պետք է վարչապետի թեկնածուի անուն նշված լինի: Ապա հաջորդիվ նշվում է, թե ում թեկնածությունները կարող են լինել եւ լուրն ավարտվում է այսպես.

«Տեղեկացանք, որ իմպիչմենտի գործընթացի նախաձեռնողներից մեկը` Էդգար Ղազարյանը, «Հայաստան» խմբակցությանն առաջարկել է քննարկել մի շարք անուններ: Մասնավորապես, պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի անունը, ով աշխատել է եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ Սերժ Սարգսյանի, եւ անգամ որոշ ՔՊ- ականների համար կարող է ընդունելի թեկնածու լինել: Նրան պատասխանել են, որ Արմեն Գեւորգյանը չի ուզում: Բայց առաջարկողները վստահ են, որ դա կախված է մեկ անձի ցանկությունից` եթե Քոչարյանը որոշի, Գեւորգյանը «կուզի», թիմն էլ տեղից կշարժվի եւ գործընթացը կսկսվի»:

Ի՞նչ կմտածի ցանկացած ադեկվատ մարդ այս տեքստն ընթերցելով.

  1. Մարդիկ ուզում են Նիկոլը հեռանա եւ թեկնածուներ են փնտրում, իսկ թեկնածուն երկնքից չի ընկնելու, մեզ ծանոթ մարդ է լինելու: Անունների շարքում հնչեցվել է նաեւ Ա. Գեւորգյանի անունը:
  2. Քանի որ որոշողն ամենամեծ խմբակցությունն է լինելու, իսկ այդ խմբակցության առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է` նրա խոսքը, կարծիքը կարեւոր է եւ եթե ինքը չի ուզում առաջադրվել, ապա տրամաբանական է, որ իր շրջապատից, իր համար ընդունելի մեկը լինի եւ Գեւորգյանի թեկնածությունը հարմար է, քանի որ մյուս թիմերն էլ կարող է դեմ չլինեն:
  3. Արմեն Գեւորգյանը դեմ է իր թեկնածությունն առաջադրելու, բայց նրան կարող են համոզել, ընդ որում` երեւի մի քանի մարդ, այդ թվում` Քոչարյանը: Եթե իմպիչմենտ ուզում են, ուրեմն ամեն ինչ կանեն նրան համոզելու համար:

Բայց անգամ էական էլ չէ, թե ինչ կմտածի այդ լուրը կարդացողը, որովհետեւ գրվածը եւ տրամաբանության սահմաններում է, եւ մոտ է իրականությանը, եւ հուշող իմաստ ունի, եւ ոչ մի վարկաբեկիչ բան չի պարունակում: Բայց կարծես թե գրագետ, կարծես թե ընդդիմադիր Արմեն Գեւորգյանը, պարզվում է, բոլորովին այլ կերպ է ընկալել եւ զայրացած տոնով արձագանքել.

«Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ այս օրերին ես Հռոմի Պապի թեկնածուների շարքում եմ, և այդպիսով ստանալ ոչ թե տեղական, այլ արդեն միջազգային նշանակության նորություն։ Այսքանով թեման կարելի էր գուցե փակված համարել։ Բայց այսօր Հայաստանում կարող են փակ դռների հետևում ինչ-որ բան խոսել, այդ թվում՝ այդ դռներից դուրս գտնվող մարդկանց մասին, ինչը օբյեկտիվորեն հնարավոր չէ կանխել։ Բայց անընդունելի է, երբ հետո տեղի է ունենում «արտահոսք», որի մասին նյութում արծարծվող անձն ընդհանրապես տեղյակ չէ։ Այս ողջ պատմությունը ոչ միայն լրջության լուրջ դեֆիցիտ ունի, այլ նաև՝ ազնիվ չէ։ Իսկ եթե դա արվում է վարչապետի թեկնածուների «քաստինգ» կազմակերպելու համար, ապա ես դրան որևէ ցանկություն չունեմ մասնակցելու և ինձ երբեք չեն կարող պարտադրվել որոշումներ՝ առանց իմ կարծիքը հաշվի առնելու։ Վստահ եմ՝ բոլոր նրանք, ում հետ ես աշխատել եմ իմ կյանքի տարբեր փուլերում, շատ լավ տեղյակ են իմ կամային հատկանիշների և ինձ առնչվող հարցերում որոշումներ կայացնելու իմ ընդգծված ինքնուրույնության մասին։ Հուսով եմ՝ այսքանով իրականության հետ աղերս չունեցող այս թեման կսպառվի»:

Կարդում եմ այս արձագանքն ու մտածում` խեղճ հայ ժողովուրդ, ի՜նչ աններելի մեղքեր ես գործել, որ քո քաղաքական գործիչներն այսքան ոչ ադեկվատ են, այսքան մեծամիտ, այսքան չարացած, այսքան պատասխանատվությունից խուսափող, այսքան կասկածամիտ…

Պարոն Գեւորգյան, եթե Դուք կաթոլիկ եկեղեցու կարդինալներից լինեիք, գուցե Ձեր թեկնածությունը քննարկվեր նաեւ որպես Հռոմի պապի թեկնածու, բայց Դուք ընդամենը հայ քաղաքական գործիչ եք, ժամանակին բարձր պաշտոններ եք զբաղեցրել (չգիտեմ` բարեբախտաբար, թե` դժբախտաբար), այդ թվում` փոխվարչապետի, հիմա ընդդիմության շարքերում եք, պատգամավոր եք, իսկ մեր ազգը անծայրածիր ռեսուրս չունի, հազարավոր կադրեր չի աճեցրել, որ մեծ ընտրություն ունենա եւ բնական է, որ մարդիկ վարչապետի թեկնածուին փնտրում են ճանապարհ անցած, կենսագրություն ունեցող, կառավարման գործից գլուխ հանող փոքրաթիվ անձանց շրջանակում: Դրանով Ձեզ չեն վիրավորել, Ձեր արժանիքները չեն նսեմացրել, հակառակը` մի բան էլ բարձրացրել են: Ինչպես տեսանք` իզուր:

Ինչ վերաբերում է փակ դռների ետեւում խոսելուն, որը նախկին իշխանությունների սիրելի ոճն է եւ վաղուց այլեւս հարգի չէ նորմալ հասարակություններում, իսկ այս պարագայում առհասարակ պարզ չէ, թե ինչ փակ դռների մասին է խոսքը, քանի որ իմպիչմենտի եւ վարչապետի թեկնածուի թեման վերջին տարիներին քննարկում են ամենուրեք` բոլոր հավաքներին, բոլոր միջավայրերում: Եւ փակ դռներ էլ մեր փոքր երկրում վաղուց չկան: Անշուշտ, ոչ մեկը չի կարող որեւէ մեկին, այդ թվում Ձեզ պարտադրել, որ վարչապետի թեկնածու առաջադրվեք եւ «քաստինգի» մասին, այլընտրանք փնտրողներին ծաղրելու այդ տոնն էլ սազական չէ նորմալ գրագետ մարդուն: Ոչ էլ ստվերում մնալու եւ բոլորի հետ լավ լինելու Ձեր «կամային հատկանիշներին» ենք կասկածում, բայց կարող ենք, չէ՞, մենք էլ եզրակացնել, որ անգամ ձեր անունը շոշափելու հանգամանքը Ձեզ վախեցնում է այն առումով, որ դա կարող է իշխանությանը եւ Փաշինյանին դուր չգալ եւ այս անադեկվատ արձագանքը նաեւ այդ անհանգստությունից է բխում:

Այնուամենայնիվ, մի բան պարզ դարձավ Ձեր տեքստից, որ խորապես սխալվել են Ձեր անունն առաջին պլան բերողները: Հուսով ենք` հաջորդ անգամ նման կոպիտ սխալ չեն անի` Ձեզ համար անգամ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակն է ուժից վեր բեռ:

–00—ՅՄ