Մեր բոլոր 28 պատգամավորները կստորագրեն Փաշինյանի իմպիչմենտի համար․ «Հայաստան» խմբակցություն

02/05/2025 Քաղաքական

«ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մշտապես կողմնակից է  եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի  կիրառմանը։ Փաշինյանի հեռացումը համարելով կենսական անհրաժեշտություն պետության և ժողովրդի համար՝ «Հայաստան» խմբակցությունն առաջինն է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին։

Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական և իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են։ Մյուս կողմից գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը։

Նաև ակնհայտ է՝ առանց փողոցում ձևավորված հզոր, համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ՝ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը:

Նախաձեռնության հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ  շարժումներ չեն ներկայացնում և, ըստ էության, որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման և դրա հետևանքների համար։

Այսօրվա դրությամբ  նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող  զանգվածի գեներացման հարցում։ Այս ամենը խմբակցության մոտ  կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։

Այնուամենայնիվ,

«Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը,  ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց  կարողության և պատասխանատվության մասին։

Մենք նաև անընդունելի ենք համարում մեր խմբակցության պատգամավորներին թիրախավորելու, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ:

Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ»։

«Հայաստան» խմբակցություն

02.05.2025թ.

–00—ՅՄ