ՔՊ-ն իշխանությունը պահելու համար է տեղի տալիս «Հանրապետության» կապրիզներին․ Մարության

01/05/2025 Քաղաքական

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս օրերին մեր երկրի հասարակական եւ քաղաքական կյանքը մի քանի նոր ամոթալի դեպքերով «հարստացավ»։ Մենք տեսանք պաշտոնյաների, որոնք թաղի խուժանի վարքագիծ ունեն, մենք տեսանք այդ վարքագիծը արդարացնող, ավելին՝ խրախուսող կուսակցություններ։

Ակնհայտ է, որ ՔՊ կուսակցությունը իշխանությունը պահելու նպատակով տեղի է տալիս կեղծ-եվրոպամետ, իրականում՝ քրեական բարքեր դավանող «Հանրապետություն» կուսակցության կապրիզներին ու շանտաժներին՝ զոհաբերելով դրա համար հասարակության բարեկեցությունն ու օրինականությունը։

Ակնհայտ է, որ այս ամենը կապ ունի հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ։ Ձախողված իշխանությունն ու անմրցունակ խորհրդարանական ընդդիմությունը սպառել են հասարակության հետ խոսելու իրենց ասելիքը եւ ուրիշ բան չունեն անելու, քան փոխադարձ հայհոյանքներն ու քաշքշուկներն են։

Մեր հասարակությունը արժանի է այս բարդ շրջանում ավելի հասուն ու խելամիտ կառավարման։

Հորդորում ենք հանրային գործիչներին՝ իրենց խոսքերում ու արարքներում լինել զուսպ, հետեւել օրինականության ու բարոյականության պահանջներին։

Հ.Գ. Օգտվելով առիթից, ուզում եմ նաեւ շնորհավորել «Նոր ուժ» ռեֆորմիստների կուսակցության անդամներին՝ հիմնադիր համագումարի առաջին տարեդարձի կապակցությամբ։

Ամեն ինչ առջեւում է»։

–00—ՍՊ