Գծեր կան, որոնք անցնել չի կարելի, հենց անցար, դու ոչնչանում ես․ Ալեն Սիմոնյան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․ «Երեկ իրեն ընդդիմություն անվանող ուժի՝ Հայաստանի ընտրված իշխանություններին հեռացնելու համար հերթական չակերտավոր մեծ գործընթացն իր քաղաքական ավարտը գրանցեց:
Այս հերթական Քոչարյանի ունեցվածքը պահելու, դաշնակներին ու եկեղեցական որոշ տարերին իշխանությունը վերադարձնելու փորձը ոչնչացավ մի հասարակ 70 անց ձեռնափայտով հայ կնոջ ոտքերի տակ: Իրենց տերերի արժեքային համակարգն ունեցող, լավ չվարժեցված կապիկները հերթական անգամ ի ցույց դրեցին իրենց տեսակը, իրենց՝ հայ ժողովրդի հետ կապ չունենալը, օտար լինելը:
Նրանք չգիտեն, որ հայ ժողովրդի մեջ կինը, մայրը, ընտանիքը, տարիքը, ձեռնափայտը առանձին-առանձին հարգանքի գիծ են բոլոր նորմալ մարդկանց համար, առավել ևս հայկական իրականության մեջ: Դրա համար իրենք երբեք այլևս հաջողություն չեն ունենալու Հայաստանի Հանրապետությունում, կրկնում եմ, երբե՛ք:
Քաղաքական կարծիքները կարելի է չկիսել, կարելի է վիճել, բայց գծեր կան, որոնք անցնել չի կարելի, հենց անցար, դու ոչնչանում ես, առավել ևս երբ դու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով»:
–00—ՅՄ