Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցն է քննարկվել ՄԱԿ ՄԻ հանձնակատարի հետ

30/04/2025 Քաղաքական

Ապրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը` հատկապես հաշվի առնելով Գրասենյակի փորձագիտական կարողությունները:

ԱԳ նախարարի տեղակալը բարձր հանձնակատարին է ներկայացրել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումները:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է հումանիտար բնույթի հարցերի, մասնավորապես՝ անհետ կորածների ճակատագրերի բացահայտման և Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրումը։

–00—ՍՊ