Ինչու Հայաստանը այլևս չի կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը. Վարդան Օսկանյան

30/04/2025 Քաղաքական

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հոդվածը․

«Այսօր հայերի մեծամասնությունը միավորված է մեկ համոզման շուրջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և որքան շուտ՝ այնքան լավ։ Տարբերությունները վերաբերում են միայն այդ հեռացման ուղուն՝ խորհրդարանական անվստահություն, զանգվածային բողոքի ակցիաներ, արտահերթ ընտրություններ, թե սպասել 2026-ի նախատեսված ընտրություններին։ Սակայն լայն տարածում ունի նաև թերահավատությունը, որ այս մեխանիզմներից որևէ մեկը կգործի:

Բայց մի բան անբեկանելի է՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նույնիսկ մեկ օր ավել մնալ Փաշինյանի ղեկավարության ներքո։

Երկիրը կանգնած է իր ժամանակակից պատմության ամենավտանգավոր հանգրվաններից մեկում։ Ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության, ժողովրդավարական կառավարման, տնտեսական կայունության և ազգային համերաշխության ոլորտները զգալիորեն խաթարված և թուլացած են Փաշինյանի իշխանության տարիներին: Այն, ինչ 2018-ին սկսվեց հույսի և վերափոխման խոստումներով՝ թափանցիկություն, արդարություն, վերածնունդ, այսօր վերածվել է ինքնագործունեության, անընդունակության և ռազմավարական ձախողումների ժամանակաշրջանի։

Այսօր ակնհայտ է՝ Փաշինյանը ոչ միայն չի կարողացել դիմակայել առկա մարտահրավերներին, այլև փոշիացրել է ձեռքբերված նվաճումներն ու խորացրել երկրի խոցելիությունը։ Հայաստանի ապագայի համար նա պետք է հեռանա։ Ժամանակն է ձևավորել նոր ուղի։

Փաշինյանի ձախողման հիմքում արտաքին և անվտանգության քաղաքականության աղետալի կառավարումն է։ Տարածաշրջանում, որտեղ ռազմավարական խորությունն անհրաժեշտություն է, նա ղեկավարել է առանց փորձի, տեսլականի կամ կարգապահության։ Նրա մոտեցումը Ադրբեջանին՝ հակասական հռետորաբանությամբ և միակողմանի զիջումներով, խրախուսել է Բաքվին և մեկուսացրել Երևանին։ Նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանը կորցրեց Լեռնային Ղարաբաղը, ավելի քան 120,000 հայեր տեղահանվեցին, և դարավոր համայնք վերացվեց։ Սրանք պատերազմի անխուսափելի հետևանքներ չէին։ Սրանք վատ և ձախող ղեկավարության ուղիղ արդյունք էին, որը անպատրաստ էր դիմագրավել աշխարհաքաղաքական իրականությանը։

Փոխանակ կայունացնելու իրավիճակը պատերազմից հետո՝ Փաշինյանը այն վատթարացրեց։ Նա Հայաստանը խճճեց ռազմավարական հակասությունների մեջ, անհասկանալի ուղերձներ ուղարկեց արտաքին գործընկերներին և չկարողացավ ձևակերպել հստակ քաղաքական գիծ։ Նրա սխալները խորթեցրեցին բոլոր հիմնական դերակատարներին։ Մոսկվան նրան համարում է անվստահելի, Թեհրանը՝ կասկածելի, Անկարան և Բաքուն՝ արհամարհանքով են վերաբերվում։ Արևմուտքը, որ մի ժամանակ նրան դիտում էր որպես ժողովրդավարական վերածննդի խորհրդանիշ, այժմ տեսնում է ընդամենը հնազանդ գործակալի, որը գործում է արտաքին շահերին ծառայելու շրջանակում։ Հայաստանի միջազգային մեկուսացումը պատահական չէ։ Դա կանխատեսելի հետևանքն է ղեկավարի, որն իսպառ զուրկ է հեղինակությունից, ռազմավարական պատկերացումից և դիվանագիտական հմտությունից։

Ներքին քաղաքական դաշտում պատկերը ոչ պակաս մտահոգիչ է։ Քաղաքացիական զորեղացման հեղափոխությունը վերածվել է անհատական իշխանության։ Խորհրդարանի և պետական հիմնարկների վերահսկողության միջոցով Փաշինյանը փակել է հաշվետվողականության ճանապարհները և ճնշել ընդդիմությունը։ Դատական համակարգը թուլացվել է, քաղաքացիական հասարակությունը՝ դուրս մղվել, ընդդիմախոսությունը՝ քրեականացվել, մամուլը՝ սահմանափակվել։ Օրենքը գործում է հիմնականում ընդդիմախոսների նկատմամբ և յուրայինների անպատժելիությունը հասել է անասելի չափերի, երբ օր ցերեկով թաղապետն ու իր աշխատակիցները համարձակվում են խմբակային ծեծի ենթարկել միայնակ ակտիվիստի։

Տնտեսական առումով կառավարության ներկայացրած աճը հիմնված է աղավաղված վիճակագրության վրա, որը ուռճացված է Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով ՌԴ-ի տնտեսության վրա ունեցած ազդեցությամբ։ Բայց շարքային քաղաքացու համար այս աճը պատրանք է։ Գնաճ, լճացած աշխատավարձեր, աճող պարտքեր և անբավարար ներդրումներ՝ սա է առօրյա իրականությունը։

Կոռուպցիան, որը խոստացվել էր վերացնել, ի վերջո ինստիտուցիոնալացվել է։ Հանրային միջոցները չարաշահվում են, հավատարիմներն ընդգծված պարգևատրվում՝ առանց վաստակի, ֆինանսական թափանցիկությունը՝ մոռացության է մատնվել։ Հին սովորությունները չեն ոչնչացվել՝ խորացել և փոխվել է փաթեթավորումը։

Միևնույն ժամանակ Հայաստանի սոցիալական հյուսվածքը քանդվում է։ Բևեռացում, անվստահություն և քաղաքական հյուծում՝ սրանք են հասարակական կյանքի բնութագրերը։ Պետությունը, փոխանակ միավորելու ազգին դժվարությունների պայմաններում, խորացնում է պառակտումը։ Եվ այնուամենայնիվ, նույնիսկ հեղինակության և հանրային աջակցության աննախադեպ անկման պայմաններում, Փաշինյանը կառչում է իշխանությունից՝ ոչ թե հանրային շահը ծառայելու, այլ սեփական դիրքն ապահովելու համար։

Հայաստանը այլևս չի կարող հանդուրժել այս ղեկավարությունը։ Փաշինյանի մնալը իշխանության ղեկին արդեն ոչ միայն ճգնաժամի հետևանք է. դա հենց ինքը՝ ճգնաժամն է։ Նրա ներկայությունը նեղացնում է վերականգնման հնարավորությունները, բարդացնում արտաքին հարաբերությունները և խոչընդոտում ժողովրդավարական ու ազգային վերակառուցումը։ Նրա հեռացումը բոլոր խնդիրները չի լուծի։ Բայց դա անհրաժեշտ առաջին քայլն է՝ վերականգնելու Հայաստանի արժանապատվությունը, վստահելիությունը և ռազմավարական ուղղությունը։

Մինչ երկիրը սպասում է փոփոխությանը, անհրաժեշտ է հստակ գիտակցել իրավիճակի լրջությունը։ Հայաստանին պետք է առաջնորդություն, որը կարող է միավորել ժողովրդին և հմտությամբ ու հեռատեսությամբ կառավարել տարածաշրջանային մարտահրավերները։ Նիկոլ Փաշինյանը այդ առաջնորդը չէ։ Նա ուներ իր հնարավորությունը՝ և ձախողեց։ Հայաստանի ապագայի, անվտանգության և բարօրության համար, վաղուց ժամանակն է, որ նա հեռանա»։

–00—ՍՊ