Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է գործող իշխանության օրոք Հայաստանում ձևավորված բարքերին, մասնավորապես՝ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի ու թաղապետարանի աշխատակիցների կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին բռնության ենթարկելու դեպքին։
«Մենք ի՞նչ ժողովրդավարություն ․․․ Հայաստանն, ըստ Freedom House-ի, շարունակում է լինել կիսաազատ երկիր, որտեղ խաթարված է իշխանության ճյուղերի միջև տարանջատումը, որտեղ մարդն այնքան արժեք չունի, իսկ քաղաքական մեծամասնությունն ու ղեկավարությունն այնքան ցինիկ է ու անպատիժ, որ թաղապետը կարող է վարչական շենքում քաղաքացի ծեծել։
Անպատժելիությունը նոր, ավելի այլանդակ դրսևորումներ է արձանագրում։ Ավինյանը վաղուց պիտի հրաժարական տար, և ոչ միայն «համբալ»-ի համար, այլև՝ կոռուպցիոն սկանդալների, քաղաքի կառավարումը տապալելու, անունակության համար։
Նորմալ երկրում այս միջադեպին իրավական գնահատական պիտի տրվեր, բայց սա ՔՊ-ի կողմից կառավարվող Հայաստանն է, որտեղ իրավապահ համակարգն իշխանության վախվորած կցորդի է վերածվել։ Քաղաքական մեծամասնությանը ներվում է ամեն բան: Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից»,- սոցցանցի իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավորը։
–00—ՍՊ