Ադրբեջանցիները փորձել են սադրանք իրականացնել Մոսկվայում, ՀՀԿ ու ԲՀԿ պատվիրակները պատասխանել են

28/04/2025 Քաղաքական

Ադրբեջանի պատվիրակությունը Մոսկվայում ընթացող Մեծ Հայրենական պատերազմին նվիրված միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին նաև ՀՀԿ ու ԲՀԿ պատվիրակները, և որը կազմակերպվել էր իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության կողմից, փորձել են սադրանք իրականացնել ու ներկա շուրջ երկու տասնյակ երկրների պատվիրակությունների ներկայությամբ «հավասարեցնել» 44-օրյա պատերազմն ու ֆաշիզմի դեմ հաղթանակը։ Այս մասին 24News-ին փոխանցեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ պատվիրակության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Որևէ արտառոց ելույթ պատվիրակությունները չէին ունենում, բոլորը խոսում էին Հաղթանակում իրենց պետությունների մասնակցության մասին։ Բայց ադրբեջանցի պատվիրակը փորձեց սահուն թեման տանել դեպի  44-օրյա պատերազմ՝ փորձելով դա կապել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին։ ՀՀԿ ու ԲՀԿ պատվիրակությունները պատրաստվել էին ելույթ ունենալ Հաղթանակի ու Հաղթանակում մեր ժողովրդի ներդրման մասին, սակայն ադրբեջանական պատվիրակի խոսքը փոխեց նրանց ելույթների բովանդակությունը։ Նախ ելույթ ունեցավ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը խոսեց Արցախի նկատմամբ ուժի կիրառման, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտման դեպքերի, արցախցիների տեղահանման և այլ խնդիրների մասին», – պատմեց Աբրահամյանը։

Ըստ պատգամավորի, ադրբեջանցիները փորձել են ընդհատել Շարմազանովի խոսքը, սակայն չեն կարողացել, նա մինչև վերջ պատասխանել է նրանց սադրիչ հայտարարություններին։ Նույն պարագան է նաև տեղի ունեցել ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանի դեպքում։

«Միջոցառումից հետո մենք նաև կարճ հանդիպում ունեցանք կազմակերպիչ կողմի հետ՝ ներկայացնելով իրողություններն ու ադրբեջանական սադրանքները։ Կարծում եմ, որ ներկա պատվիրակությունները հասկացան, թե ինչ տեղի ունեցավ միջոցառման ժամանակ ու ով հրահրեց միջադեպը», – ասել է Աբրահամյանը։

–00—ՍՊ