Ջահերի երթին մասնակցելով՝ քաղաքացիները ուղերձ տվեցին՝ դեմ են թուրքահաճո ուղեգծին. ՀՅԴ-ական
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Երևանում տեղի ունեցած ջահերով երթին մասնակցեց ավելի քան երկու տասնյակ հազար մարդ, որը կոնկրետ ուղերձ տվեց իշխանությանը` դեմ է Հայոց ցեղասպանության ուրացման և, դրանով իսկ, թուրքահաճո ուղեգծին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ-ական Վահե Սարգսյանը:
«Պայքարի թիրախները ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակության ընդվզման խորհրդանիշները երեքն են. պայքար Հայոց ցեղասպանության ճանաչման, արցախահայության վերադարձի և հայոց սրբազան լեռ Արարատը որպես ՀՀ ազգային֊ պատմական խորհրդանիշ պահպանելու համար։
Փաշինյանի իշխանության քայլերն ու գործողությունները հայ ժողովրդի համար թե’ անընդունելի է, թե’ վիրավորական։
Ուժային կառույցների հազարավոր ներկայացուցիչների շուրջօրյա «մարտական հերթապահությունը» Փաշինյանի գործողություններին զուգահեռ, լավագույնս խոսում է թե՛ իշխանության վախերի, թե՛ սեփական ժողովրդի հետ ունեցած խորը անջրպետի մասին։
Սպասել, որ Հայաստանում իշխանության ներկայացուցիչները անկեղծ կմասնակցեն ոգեկոչման միջոցառումներին` ծիծաղելի կլիներ, եթե խորքի մեջ ողբերգական չլիներ։
Իշխանության ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին գրեթե չմասնակցեցին նաև արտերկրում։ Ավելին, անգամ Արևմուտքի ԶԼՄ-ներն են նկատում և հայտնում իրենց նյութերում, որ ՀՀ իշխանությունն արգելել է այլ երկրներում իր դեսպանատներին մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակի ակցիաներին։
Իսկ, օրինակ, Իրանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ոգեկոչման միջոցառման ժամանակ խայտառակ են արվել Իրանի արժանապատիվ հայ համայնքի ներկայացուցիչների ձեռամբ՝ «հնձելով» այն, ինչ «ցանել է» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերջին շրջանում»,- գրել նա։
–00—ՍՊ