Ջահերով երթը ցասման երթ էր, Ցեղասպանության ճանաչման ու հատուցման պահանջի, Արարատի երթ․ Ագնեսա Խամոյա

24/04/2025 Քաղաքական

ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է․

«Մեր հազարավոր հայրենակիցներ այս ժամին էլ շարունակում են քայլել Ծիծեռնակաբերդի բարձունք՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Ծիծեռնակաբերդ հոսքը ամբողջ գիշեր դեռ չի դադարի։

Երեկ էլ երկու տասնյակ հազարից ավել մեր հայրենակիցներ ջահերով, մոմերով ու ծաղիկներով իրենց քայլերն էին ուղղել 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։

Ամենաուշագրավը սակայն այն էր, ինչ կատարվում էր սոցիալական ցանցերում, մարդիկ, ովքեր երբեք «քաղաքականությամբ չեն զբաղվում», «զզվում են բոլորից», իրենց համար «սաղ մեկ են», բոլոր այդ մարդիկ, որոնցից շատերը տասնյակ հազարավոր հետեւորդներ ունեն, տեղադրում էին երթի լուսանկարներ, տեսանյութեր, նրանցից ոմանք անգամ մասնակցում էին Ջահերով երթին։

Ու հարցն այն չէ, որ նրանք վաղը «զբաղվելու են քաղաքականությամբ» կամ կիսում են երթի կազմակերպիչների(ՀՅԴ ՀԵՄ) քաղաքական հայացքներն ու առավոտյան ընդդիմադիր են արթնանալու, ոչ ամենեւին, բայց բոլոր այդ մարդիկ հայ են, հա’յ, ովքեր ունեն գենետիկ հիշողություն, կոդ ու «ո’չ» են ասում մերժման ու ուրացման քաղաքականությանը։ Նրանցից ոմանք գուցե իշխանական հայացքներ էլ ունենան, բայց ոչ երբեք Ցեղասպանությունը մոռանալու դեմք։

Երեկվա երթը ցասման երթ էր, Ցեղասպանության ճանաչման ու հատուցման պահանջի երթ ու Արարատի երթ…»։