Չմոռանա՛ք Արցախը, չմոռանա՛ք Արցախի համար մեր ժողովրդի պայքարը և չհամակերպվե՛ք Արցախի կորստի հետ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է․
«Ավստրալիայի հայկական համայնքի հրավերով՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության 1,5 միլիոն սուրբ նահատակների ոգեկոչմանը նվիրված արարողությանը այս տարի մասնակցեցի հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող հայկական համայնքում։ Ազգային, կուռ և միասնական մի համայնք, որն ամեն օր ապրում և շնչում է հայրենիքով։
Մելբուռնում և Սիդնեյում տեղ ունեցած միջոցառումներին պատիվ ունեցա հանդես գալու որպես հիմնական բանախոս՝ զուգահեռներ տանելով Մեծ Եղեռնի և Արցախի էթնիկ զտման ընթացքում թուրք-ադրբեջանական հանցագործությունների միջև՝ փաստագրելով, որ Արցախի ամբողջական էթնիկ զտումը առանձին, մեկուսացված ցեղասպանական դրվագ չէ, այլ Հայոց ցեղասպանության շարունակությունն է։ Այն նույն ցեղասպան գաղափարախոսության արդի դրսևորումն է՝ ուղղված հայերի բնաջնջմանը։
Իմ ելույթը ավարտեցի՝ բոլոր արցախցիների սրտի խոսքը փոխանցելով ավստրալիացի քաղաքական գործիչներին և ավստրալահայ մեր հայրենակիցներին․
«Հազարավոր կիլոմետրեր այստեղից հեռու մայր Հայաստանում ապաստանած Արցախի հայությունը մի խնդրանք ունի ձեզանից և համայն հայությունից․ երբեք ու երբեք չմոռանալ Արցախը, չմոռանալ Արցախի համար մեր ժողովրդի պայքարը և չհամակերպվել Արցախի կորստի հետ։ Արցախը եղել է հայ ժողովրդի ինքնությունը սնուցող կարևորագույն աղբյուրներից մեկը, եղել է հայ ժողովրդի հպարտությունը և այդպես էլ պիտի մնա։ Այս կարևոր գաղափարն է, որ մի օր մեզ նորից վերադարձնելու է Արցախ՝ մեր սրբագույն հայրենիք»»։
–00—ՍՊ