Համազգային ու համաժողովրդական համախմբումը չպետք է լինի սոսկ ապրիլի 23-ին Ջահերի երթի մասնակցություն
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Այսօր, 1915 թվականի մեծ ողբերգության` Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, 110-րդ տարելիցը, գրում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Երեկվա Ջահերի երթով կարծես թե մեր ժողովուրդին հաջողվեց ցուցադրել աշխարհին, որ մեր վերքերը դեռ սպացած չեն և պահանջատիրության զգացողությունը մարած չէ։
Այնուամենայնիվ, մեր հավաքական կերպարը աշխարհին ներկայանում է նաև որպես պատմության դասերը չսովորած մի տարօրինակ ազգ, որը հայտնվելով հերթական պատմական փորձությունների հորձանուտում՝ իր իռացիոնալ վարքագծով իր պետականությունն ու կորսված ինքնութենական հիմքերի վերջին փշրանքները պահպանելու փորձեր է կատարում կամ այդպիսի փորձերի իմիտացիա է ցուցադրում։
Իսկ իրականությունն այն է, որ մի կողմից, այս օրը մենք ոգեկոչում ենք հայ ժողովրդի պատմության տխուր էջն ու ավելի քան մեկուկես միլիոն զոհերի հիշատակը՝ միաժամանակ, լուռ ու անտարբեր ականատես լինելով և/կամ մասնակիցը դառնալով ներկայի աճող ու իրական ողբերգությանը, որը տեղի է ունենում մեր աչքերի առաջ՝ ներքաշելով մեզ պատմական ցավի ծանոթ և անվերջանալի թվացող շրջապտույտ:
Այնինչ, ոգեկոչման այս օրը մենք պետք է գիտակցենք, որ թուրքական աշխարհի հավակնություններն ու ծրագրերը՝ ամրապնդված հայաստանյան իշխանական խմբակի համագործակցության պատրաստակամությամբ, հող և իրական պայմաններ են ստեղծել 1915թ․ ապրիլյան և 2023թ․ սեպտեմբերյան ցեղասպանական պատմական ողբերգությունների կրկնության համար։
Հետևությունը մեկն է․ համազգային ու համաժողովրդական համախմբումը չպետք է լինի սոսկ ապրիլի 23-ին Ջահերի երթի մասնակցություն, այն ամենօրյա պայքարի հրամայական է, պատկերավոր ասած՝ մի կոչնակ, որի խրոխտ ռազմականչի հնչյունների տակ մեր ձեռքերն ինքնաբերաբար ձգտում են ամուր բռնելու միմյանց՝ ի նշան պայքարի, հաղթանակի, եղբայրության, խաղաղության և ավելի լավ ապագայի վերականգնված հույսի»։
–00—ՅՄ