Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Region Monitor -ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի աշխատակազմի խորհրդական Սաադոլլահ Զարեիի հետ։ Խորհրդականի հետ զրույցում անդրադարձ է կատարվել ինչպես Հայաստան-Իրան հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին վերաբերող հարցերի:
«Արմենպրես»-ը հարցազրույցը ներկայացնում է ստորև.
– Պարոն Զարեի, ինչպե՞ս կգնահատեք Իրան-Հայաստան հարաբերությունները ներկա փուլում։ Արդյոք կա հեռանկար հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու և այն փաստաթղթով ամրագրելու հարցում։
– Մեր տարածաշրջանի շատ ժողովուրդներ ունեն մի ասացվածք. պարսկերենում ասում ենք՝ անցյալն ապագայի լույսն է։ Այսինքն՝ նայիր անցյալին, որպեսզի տեսնես ապագան։ Այն տարիներից սկսած, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը, մեր հարաբերությունները Հայաստանի հետ կայուն են եղել։ Այդ հարաբերությունները երբեք չեն ընդհատվել։ Միշտ շեշտադրվել է այդ հարաբերությունների կարևորությունը՝ ինչպես Թեհրանի, այնպես էլ Երևանի կողմից, և մշտապես խոսվել է դրանց զարգացման մասին։ Թեև Իրանի և Հայաստանի հարաբերությունների զարգացումն Իսլամական հանրապետության համար առանց գնի չի եղել՝ հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության և Ադրբեջանի շիա ժողովրդի զգայուն վերաբերմունքը։ Այսինքն՝ մենք դրա համար գին ենք վճարել։ Հայաստանի հետ մեր հարաբերություններն Ադրբեջանում բացասական արձագանք են առաջացրել Իրանի նկատմամբ, բայց մենք այդ հարաբերությունները պահել ենք և շարունակել։ Հետևաբար, կարելի է ասել, որ այդ հարաբերությունների զարգացման հորիզոնը բաց է։ Սակայն կան ընդդիմացողներ՝ այդ թվում նաև արևմտյան երկրները, որոնք ի սկզբանե չեն ցանկանում, որ Իրանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ զարգանան։ Այսօր մենք գիտենք, որ նրանք ճնշում են գործադրում Հայաստանի վրա, և մենք հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունը կկարողանա դիմակայել այդ ճնշումներին, քանի որ այդ ճնշումները հակասում են նաև Հայաստանի ազգային շահերին։ Այս տարածաշրջանում որքան ավելի լայն լինեն Հայաստանի կապերը, այնքան ավելի հնարավորություն կլինի զարգանալու: Միաժամանակ կնվազի նաև խոցելիությունը, սակայն արևմտյան երկրները, տարածաշրջանում հակասություններ ստեղծելով, փորձում են խոչընդոտել երկրների հարաբերությունների զարգացմանը՝ հատկապես Իրանի հարաբերություններին տարածաշրջանի երկրների հետ։
– Ինչպես գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստ է, սակայն Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել այդ փաստաթուղթը։ Կան փորձագիտական տեսակետներ, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան համագործակցությամբ ռազմական գործողություններ կարող են սկսվել։ Եվ կարծիք կա, որ Ադրբեջանը այդ ամենով պայմանավորված է խուսափում ստորագրել համաձայնագիրը, քանի որ Իրանի դեմ հնարավոր պատերազմի ընթացքում ՀՀ-ից տարածքներ կարող է օկուպացնել և որպես օրինակ դա կարող է լինել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Ինչպե՞ս եք գնահատում նման սցենարի հավանականությանը։
– Վերջին 10 տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել մի ծիծաղելի գաղափարի. ոմանք ասում էին, թե հնարավոր է առանց Իրանի Կովկասում հարաբերություններ ձևավորել, այսինքն՝ Իրանի մասնակցությունը բացառելով։ Բայց իրականում, այս տարիների ընթացքում ոչ մի կողմ չի կարողացել առանց Իրանի ճշգրիտ հարաբերություններ ստեղծել։ Իրանը միջամտություն չի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմին։ Մենք պատերազմի կողմ չենք եղել՝ ի տարբերություն որոշ տարածաշրջանային երկրների, սակայն Իրանի դիրքորոշումը չեն կարողացել անտեսել։ Այսինքն՝ մենք անհանգստություն չունենք մեր դիրքի պահպանման հարցում։ Թեև արտաքին միջամտությունները կարող են խնդիրներ ստեղծել, բայց էականորեն չեն կարող փոխել իրավիճակը, որովհետև մենք այս տարածաշրջանի հանդեպ զգայուն ենք։ Սա մի տարածաշրջան է, որը մի ժամանակ մաս է կազմել Իրանի հնագույն աշխարհագրության։ Այս տարածաշրջանի մշակույթը կապված է մեր մշակույթի հետ, անվտանգությունը՝ մեր անվտանգության հետ, տնտեսությունը՝ մեր տնտեսության հետ, տարանցիկ ճանապարհները՝ մեր շահերի հետ։ Այս տարածքը միաժամանակ կապող օղակ է Իրանի և Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի և Եվրոպայի միջև։ Ուստի, այս հարաբերությունները պետք է պահպանվեն, և մենք հավատում ենք, որ դրանք պահպանվելու են։ Ադրբեջանն էլ, իմ կարծիքով, գիտակցում է, որ ոչ Ամերիկան, ոչ Իսրայելը նրա հարևանը չեն։ Նրա միակ մեծ հարևանը Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Սա մի բան չէ, որ հնարավոր է փոխել։ Սա իրականություն է։ Հետևաբար, մենք շատ լուրջ չենք ընդունում այն խոսակցությունները, թե իբր Իսրայելը կամ ԱՄՆ-ն նման բան են ուզում անել այստեղ։ Վերջում, տարածաշրջանի ճակատագիրը որոշվում է հենց տարածաշրջանային գործընթացներով, ոչ թե այն քաղաքականություններով, որոնք Ատլանտյան օվկիանոսի այն կողմում են որոշվում։ Դրա օրինակն է «դարի գործարքի» ձախողումը կամ Աբրահամյան համաձայնագրերի անկարողությունը՝ փոխելու տարածաշրջանի իրողությունները։ Իրականությունը փոխում է դիմադրությունը, ոչ թե թղթի վրա գրված ծրագրերը։ Այս տարածաշրջանը ոչ ԱՄՆ-ինն է, ոչ էլ Իսրայելինը։ Սա համատեղ աշխարհագրություն է մեր՝ տարածաշրջանի ժողովուրդների համար, և հենց մեր մերձավոր հարաբերությունների հիման վրա կարող է այստեղ ձևավորվել անվտանգության, քաղաքական և տնտեսական համակարգ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։
–00–ԱՀ