Նիկոլականների «խաղաղության օրակարգը» դարձել է ազգային արժանապատվության զոհաբերման ծրագիր
21/04/2025
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

ԵՊՀ դասախոս Արմեն Ավետիսյանը գրում է․
«Ադրբեջանը կրկին կրակ է բացել Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ։ Թշնամին կրկին թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ խաղաղ բնակիչների կյանքը հերթական անգամ դրվել է վտանգի տակ, իսկ մեր երկրի գլխավոր նիկոլականը շարունակում է խոսել «խաղաղության դարաշրջանի» մասին՝ իբրև թե ոչինչ տեղի չի ունենում։
Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ մարդիկ իրենց տներում չեն կարող անվտանգ ապրել, երբ գյուղացին ամեն Աստծո գիշեր վախով է մտնում տեղաշոր, որովհետև ցանկացած պահի ադրբեջանցու փամփուշտը կարող է հասնել իր տանը: Երբ կրակում են՝ իսկ քո իշխանությունը լռում է, դա այլևս դիվանագիտություն չէ, դա պետական հանցագործություն է։
Նիկոլականների այսպես կոչված «խաղաղության օրակարգը» իրականում դարձել է ազգային արժանապատվության զոհաբերման ծրագիր։ Զիջումից զիջում, «սահմանագծման ու սահմանազատման» անվան տակ հողերի հանձնման գործընթաց, և լուռ համաձայնություն՝ թշնամու ագրեսիային։ Մենք զիջում ենք ոչ թե ուժի ճնշման տակ, այլ օրվա իշխանության քաղաքական կամքի բացակայության պատճառով։
Խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ունես հստակ դիրքորոշում, հզոր բանակ և արժանապատիվ իշխանություն։ Իսկ այսօր ունենք վախեցած ու հանուն կեղծ «խաղաղության» ամեն ինչի պատրաստ իշխանություն, որը հլու-հնազանդ և առանց վերապահումների կատարուն է թշնամու բոլոր պահանջները՝ միաժամանակ անտեսելով սեփական ժողովրդի անվտանգությունն ու ՀՀ պետական շահը:
Նիկոլը հանուն «խաղաղության» պատրաստ է ստորագրել փաստաթղթեր, որոնց բովանդակությունն անգամ թաքցնում է սեփական ժողովրդից։ Նա պատրաստ է հերթով թողնել ամեն բարձունք, ամեն դիրք, ամեն տարածք՝ հույսով, որ Ադրբեջանը կբավարարվի, կլռի, կգնա։ Բայց պատմությունը ցույց է տվել, որ թշնամին չի բավարարվում քո արած զիջումներով, այլ ավելի է ոգևորվում, իսկ երբ գլխավոր բանակցողը թուլություն է ցուցաբերում, թշնամին դառնում է առավել ագրեսիվ։
Նիկոլը խաղաղություն մուրալով հերթական պատերազմն է բերելու մեր պետության գլխին։ Քանի Նիկոլը կա դա տեղի կունենա Օվերտոնի պաուհանի սկզբունքով, դանդաղ, փաթեթավորված «խաղաղության դարաշրջանի» լոզունգներով՝ իսկ այդ ամենի խորքում արդեն լսելի է սողալով մոտեցող պատերազմի աղմուկը»։
–00—ՍՊ