Ալիևը դեսպանին տանում է Արցախ՝ «նվաճումները» ցուցադրելու, Փաշինյանը՝ Կիրանց՝ մատնանշելու նվաստացումը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

«Լուավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․
Երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Էլչին Ամիրբեկովի ուղեկցությամբ Ստեփանակերտ են այցելել Ադրբեջանում հավատարմագրված մի շարք օտարերկրյա դեսպաններ և դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ։
Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար աշխատաժողովի մի խումբ մասնակիցների հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ տեղում դիտարկելու սահմանազատումից հետո իրականացված աշխատանքներն ու ենթակառուցվածքների վիճակը։
Եթե ալիևյան ռեժիմի ներկայացուցիչները հավատարմագրված պետությունների պատվիրակներին և դեսպաններին տանում են Արցախ՝ իրենց «նվաճումները» ցուցադրելու համար, ապա վարչապետ Փաշինյանը և ԱԽ քարտուղար Գրիգորյանը ժամանակ առ ժամանակ տարբեր պատվիրակությունների հետ ուղևորվում են Կիրանց՝ մատնանշելու համար մեր միակողմանի զիջումներն ու նվաստացումը։ Մեր ամոթը։
Ցույց տալու, թե ինչպես ենք այսպես կոչված «չորս գյուղ» զիջել Ադրբեջանին՝ այն ակնկալիքով, որ նրանք պետք է դուրս գային ՀՀ ինքնիշխան տարածքից, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։
Եվ ՀՀ իշխանությունները հպարտանում են այս խայտառակ իրողությամբ։
–00—ՍՊ