Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը պատրաստ է աջակցել Դավութօղլուի, Բաբաջանի կուսակցություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

թուրքիայիընդդիմադիրներ

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ անսպասելի արտահերթ ընտրությունների դեպքում կարող է աջակցել նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի հիմնած կուսակցություններին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Քըլըչդարօղլուն միանգամայն հավանական է համարել, որ ԺՀԿ-ն նման ընտրությունների դեպքում կօգնի, որպեսզի Դավութօղլուի «Ապագա» կուսակցությունը և Բաբաջանի «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությունը կարողանան խորհրդարանում կուսակցական խմբակցություն ստեղծել։

Նա նշել է, որ ժողովրդավարության տեսակետից յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի հաղթահարելու անցողիկ շեմը և ներկայացված լինելու խորհրդարանում։

Թուրք վերլուծաբան Օրհան Ուղուրօղլուի գնահատմամբ՝ Էրդողանի համար դա անցանկալի զարգացումների շարքից է։ Հավասարաչափ անցանկալի տարբերակ կարող է լինել նաև, եթե այս երկու նորաստեղծ կուսակցությունները միանան 4 կուսակցությունից կազմված «Milliyet» դաշինքին։ Դա Էրդողանի համար վատագույն սցենարը կլինի, քանի որ այդ կուսակցությունների հիմնադիրներ Ահմեթ Դավութօղլուն և Ալի Բաբաջանը, լինելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախկին անդամներ, շատ լավ գիտեն ԱԶԿ-ի և Էրդողանի բոլոր ուժեղ և թույլ կողմերը և կարող են խլել ԱԶԿ-ի ընտրողների զգալի մասին։