Աղստև գետն ընկած ավտոմեքենան հայտնաբերվել է․ ներսում գտել են վարորդի դին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News 

Մայիսի 11-ին, ժամը 06:10-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի և Սարիգյուղի հենակետերից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ՝ ընդհանուր թվով 34 փրկարար ծառայող։

Աշխատանքներին ներգրավվել է Դիլիջանի քաղաքապետարանի երկու ծանր տեխնիկա, մեկ վերամբարձ կռունկ, ինչպես նաև՝ փրկարարների և ջրափրկարարների կողմից որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում են հատուկ միջոցներ և սարքավորումներ:

Ըստ հիդրոօդերևութաբանական ծառայության տվյալների՝ Իջևանի հատվածում գետի հոսքի արագությունը կազմում է 149 խմ/վրկ, Դիլիջանի հատվածում՝ 27,3 խմ/վրկ, իսկ ջրի մակարդակը Իջևանի հատվածում բարձրացել է 1,6 մետր, Դիլիջանի հատվածում՝ 1,28 մ, Խաշթառակ գյուղի մոտակայքում գետը դուրս է եկել ափերից, ինչը կարող է հանգեցնել նաև գետում առկա քարերի տեղաշարժի:

Մոտ 40 կիլոմետր երկարությամբ շարունակվում են գետում որոնողական աշխատանքները. ԱԻ նախարարի հրամանով ժամը 14:00-ից որոնողական աշխատանքներին ներգրավվել են ևս 22 փրկարար ծառայող:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Գանձաքար գյուղի 10 բնակիչ:

Ժամը 16։40-ին ավտոմեքենան հայտնաբերվել է։

Փրկարարները և ջրափրկարարները վերամբարձ կռունկով ավտոմեքենան դուրս են բերել գետից և, մասնատելով ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։