Շատերը չգիտեն «լեգիտիմ» ու «օրինական» եզրերի տարբերությունը. Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

.

ԱԺ մեծամասնությունն և իրենց կողմից ընտրված վարչապետը սկսել են պատեհ ու անպատեհ առիթներով կրկնել, որ իրենք լեգիտիմ իշխանություն են ու ունեն հանրության վստահությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Շատերն այդ հայտարարություններին լուրջ են վերաբերվում, որովհետև չգիտեն «լեգիտիմ» ու «օրինական» եզրերի տարբերությունը։ Դա նաև վարչապետին ու ԱԺ մեծամասնության անդամներին է վերաբերվում։

Մի կողմ թողնենք անհարկի նման պնդումների հոգեբանական պատճառները, այլ հասկանանք «լեգիտիմ» ու «օրինական» հասկացությունների տարբերությունը։

Այս իշխանությունն իրոք օրինական է, որովհետև ոչ ոք կասկածի տակ չի դրել ընտրությունների օրինական լինելը, սակայն «լեգիտիմ» լինելն բոլորովին այլ բան է նշանակում, ու այստեղ հարցեր կան։

Օրինակ, ոչ օրինական իշխանությունը կարող է որոշ ժամանակ անց իրեն այնպես դրսևորել, որ ժողովրդի մեծամասնությունը սկսի կառավարությանը հավանություն տալ, այսինքն այդ իշխանությունն ունենա բարձր լեգիտիմության աստիճան, և հակառակը, օրինական իշխանությունը կարող է իրեն այնպես վատ դրսևորել, որ որոշ ժամանակ անց հանրության մեծամասնությունը հիասթափվի ու այլևս չվստահի, այսինքն այդ իշխանության լեգիտիմության աստիճանը դառնա շատ ցածր։

«Լեգիտիմությունը» հարափոփոխ հասկացություն է և կախված նրանից, թե կոնկրետ այդ պահին իշխանության ռեյտինգն որքան է, դրանով էլ որոշվում է տվյալ պահին իշխանության լեգիտիմության աստիճանը։ Պարզ ասած, լեգիտիմության աստիճանը տվյալ պահին տվյալ իշխանությանը վստահողների քանակից է կախված։

Անենք հետևություն, գործող իշխանությունն օրինական է, սակայն նրա լեգիտիմության աստիճանը կորոշվի ՍԴ հանրաքվեի ժամանակ։ Եթե հանրաքվեին Ոչ ասվի, ապա գործող կառավարությունն ունի ցածր լեգիտիմության աստիճան ու պետք է հեռանա, և՝ հակառակը։

Դա ուղիղ ժողովրդավարության ուղիղ դրսևորում կլինի, ինչպես նաև պառլամենտական կառավարմանը բնորոշ իրադարձություն։ Եթե հանրաքվեն չեղարկվի, դա կնշանակի, որ գործող իշխանությունը խույս է տալիս ժողովրդի վստահության աստիճանին առերեսվելու հնարավորությունից։