Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն չի խախտել․ Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

1

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է, որ նիստից մանրամասներ հայտնել չի կարող։

«Ես պատասխանել եմ բոլոր այն հարցերին, որոնք ինձ ուղղել են։ Քանի որ հանձնաժողովի նիստերը փակ են, և դրանք պետական գաղտնիք են պարունակում, ավելին հայտնել չեմ կարող»,–ասել է Կարապետյանը, ապա հավելել է, որ չի կարող ասել, թե 2018 թվականի ապրիլի 22-ին ինչ է խոսել Նիկոլ Փաշինյանի հետ։

Դիտարկմանը՝ կա՞ն խոսակցություններ, որ պայմանավորվածություն է եղել Սերժ Սարգսյանին Կարեն Կարապետյանով փոխարինելու՝ նախկին վարչապետն արձագանքեց․ «Պարոն Փաշինյանի հետ ինչ պայմանավորել ենք, մեր ներքին պայմանավորածությունն է»։

Հարցին՝ խախտվե՞լ է պայմանավորվածություն, Կարապետյանը կարճ է պատասխանել՝ ոչ։

Նախկին վարչապետը նաև նշել է, որ որոշակի առումով հետևում է ներքաղաքական զարգացումներին, բայց ոչ համակարգված ձևով: 

«Այսօր ես կառավարությանը ցանկանում եմ հաջողություններ, որ մինիմալ կորուստներով դուրս գանք այս իրավիճակից, բայց կառավարության հետ ես շատ հարցերում համակարծիք չեմ»,-ասել է Կարապետյանը: