Վարչապետը այն մարդը չէ, որ կասի՝ Սասո՛ւն Միքայելյան, էս դու նոր «Շմայս» ես դարձել գլխներիս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

1

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Հեղինակությունները լինում են ոչ միայն թաղային, նաև լինում են քաղաքական հեղինակություններ։ Պատկերացնում եք արդյոք, որ լինի մի իրավիճակ մի խորհրդարանում, որտեղ նստած է վարչապետը, և ինչ-որ մեկն այնտեղ ֆիզիկական սպառնալիքներ է հղում մեկ այլ պատգամավորի, հետո հարվածում, հետո նույն վարչապետի ուժին պատկանող խմբակցությունից մեկը գալիս է, այդ պատգավորին մեջքից է հարվածում։ Կարո՞ղ ենք համարել, որ այդ երկու պատգամավորները հարգում են վարչապետին, որ իրենց այսպիսի պահվածք են թույլ տալիս։ Կարծում եմ՝ այդպիսի իրավիճակ չի կարող լինել»,- ասել է Դավիթ Խաժակյանը։

Ըստ ավագանու անդամի՝ երկրում կա սոցիալական, քաղաքական ճգնաժամ, բայց դրանք ածանցյալ են երկրում տիրող բարոյական և հեղինակության ճգնաժամին․ «ԱԺ նախագահը այդտեղ ոչինչ չի կարող անել, նույնը վերաբերում է նաև վարչապետին։ Նա այն մարդը չէ, որ այդ պատգամավորներին կարգի կհրավիրի, կասի՝ Սասո՛ւն Միքայելյան, էս դու նոր «Շմայս» ես դարձել գլխներիս։ Եվ նորմալ է այս իրավիճակը, որովհետև եթե նա մի այլանդակություն կարող է իրեն թույլ տալ, ուրեմն նա իրեն թույլ կտա։ Սասուն Միքայելյանը Առաքել Մովսիսյանից ոչ մի բանով չի տարբերվում, և նա ոչ թե նոր, այլ հին «Առաքել Մովսիսյան» է»։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե՝ «ինչը կցխես»: Էդմոն Մարուքյանն իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքայելյանի ու նրա միջև ծեծկռտուք եղավ, որին միջամտեցին այլ պատգամավորներ:

Մանրամասները՝ տեսանյութում: