Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի հանդեպ թշնամական քարոզչության հերթական փորձն արեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24 News

Նաղդալյան

ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններին. 

«Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակը լավ առիթ է՝ վերհիշելու և հարգանքի տուրք մատուցելու համաշխարհային չարիքի դեմ պայքարի ելած և հաղթանակած բոլոր ժողովուրդների զոհողությանը և միասնությանը:

Համոզված ենք, որ պատմական հիշողությունը մարդկային արժանապատվության կարևորագույն արժեքն է, իսկ այդ պատմական հիշողության կեղծումը և այն նեղ քաղաքական շահերին ծառայեցնելու փորձերը վկայում են, որ դրանց հեղինակները չունեն ոչ պատմության, ոչ արժանապատվության և ոչ էլ հիշողության զգացում:

Ցավով պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձ արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարված հաղթանակի 75-ամյակը ծառայեցնելու հայ ժողովրդի հանդեպ տասնամյակներ վարվող իր թշնամական քարոզչությանը:

Հայ ժողովրդի ներդրումը երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակի գործում ոսկե տառերով է գրված համաշխարհային պատմության էջերին:

Մենք հպարտությամբ ենք հիշում բոլոր հերոս հայորդիների անունները թե Կարմիր բանակի և նրա ազգային դիվիզիաների, թե հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրների բանակներում, թե դիմադրության շարժման և թե հետախուզության շարքերում: Իրենց նվիրմամբ և խիզախությամբ նրանք արժանի եղան իրենց նախնինների և ազգային հերոսների, այդ թվում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին փառքով պսակված մարտիկների հիշատակին:

Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում պետության պահպանության և խնամքի ներքո գտնվում են Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների շուրջ վեց հարյուր հուշարձաններ: Հենց վերջիններս են հանդիսանում մեր միասնական հաղթանակի պատմության անխոս վկաները: Մենք դատապարտում ենք հուշարձանների հանդեպ բոլոր ոտնձգությունները ոչ միայն խոսքով, այլև այն իրողությամբ, որ Հայաստանի պատմության ընթացքում երկրորդ համաշխարհային պատերազմի մարտիկներին նվիրված որևէ հուշարձան չի ենթարկվել ոտնձգության:

Այս տեսակետից Ադրբեջանի ղեկավարությանը պարզապես հարց եմ ցանկանում ուղղել, որի պատասխանը բոլորիս կողմից ակնկալվում է գործով. արդյոք երբ է վերականգնվելու Չարդախլու բնակավայրում Հայրենական մեծ պատերազմի հերոսների, այդ թվում խորհրդային մարշալներ Հովհաննես Բաղրամյանին և Համազասպ Բաբաջանյանին նվիրված հուշարձանները, որոնք ավերվել են Ադրբեջանի Հանրապետության շրջանում»: ​