Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի միակ կանացի զբոսայգում ռասիստական գրառումներ են արվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

դիարբեքիր

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում 2007 թվականին բացվել էր քրդական զինված շարժման մասնակից 2005 թվականին վթարի հետևանքով մահացած Էքին Ջերենի անունը կրող զբոսայգի։

Այդ զբոսայգին միայն կանանց համար էր նախատեսված և զբոսայգուն կից գտնվող սրճարանում ամեն տարի մարտի 8-ին կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումներ էին տեղի ունենում։

2017 թվականին, երբ թուրքական պետությունը քրդաբնակ Դիարբեքիրում ընտրված քաղաքապետի փոխարեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց, զբոսայգին քաղաքապետի պաշտոնակատարի կողմից վարձակալության հանձնվեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանին պատկանող Թուրքիայի երիտասարդական հիմնադրամին՝ 25 տարի ժամկետով։

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի երիտասարդական հիմնադրամի տնօրինության տակ անցնելուց հետո առաջին հերթին հեռացվեց զբոսայգու անվան ցուցանակը։ Այժմ զբոսայգում ամենուր ազգայնական, ռասիստական բնույթի գրառումներ են տեղ գտել, ինչպես օրինակ՝ «Կամ սիրի՛ր, կամ հեռացի՛ր», «Կեցցե՛ թուրք ազգը»։