ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հուշագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News     

Արցախի ԱԳՆ

Միավորված ազգերի կազմակերպությունում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը /https://undocs.org/ru/A/74/771/՝ հասցեագրված կազմակերպության Գլխավոր քարտուղարին՝ 1992 թ. փետրվարին ադրբեջանական զինված կազմավորումներից Խոջալուի ազատագրման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները կեղծելու Ադրբեջանի չդադարող փորձերի կապակցությամբ: 

«Փաստաթղթում փաստարկներ են բերվում առ այն, որ Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի գործողությունները՝ ուղղված Խոջալուում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հրետանու կրակային դիրքերի չեզոքացմանը, ինչպես նաև Ստեփանակերտի օդանավակայանի ապաշրջափակմանը, պայմանավորված էին բացառապես ռազմական անհրաժեշտությամբ և համապատասխանում էին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին:  

Հակառակը՝ ադրբեջանական կողմը վերը նշված իրադարձությունների ընթացքում  կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես, ռազմավարական դիրքերի պահպանման նպատակով Ադրբեջանի իշխանությունները որոշում էին ընդունել չտարհանել քաղաքացիական բնակչությանը: Ադրբեջանական զինծառայողների կողմից պատսպարվելու նպատակով խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելը ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, այլև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի /բ/ կետի /xxiii/ ենթակետի համաձայն՝ հավասարազոր է ռազմական հանցագործության:

Հետևյալ հանգամանքների  ողբերգական զուգադիպումը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միտումնավոր խախտումը, Ադրբեջանի ներսում իշխանության համար պայքարը և դրանով պայմանավորված՝ ադրբեջանական զինված ուժերում հրամանատարության միասնականության բացակայությունը հանգեցրին նրան, որ եղան մարդկային զոհեր` չնայած Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացված պաշտպանական բոլոր միջոցառումներին, ներառյալ՝ գործողության մասին վաղօրոք նախազգուշացումը և մարդասիրական միջանցքի ստեղծումը:

Ադրբեջանը շարունակում է կեղծարարության և ապատեղեկատվության քաղաքականություն իրականացնել՝ ադրբեջանական զինված կազմավորումներից Խոջալուի ազատագրման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ կեղծ պնդումներ տարածելով՝ ադրբեջանական հանրության շրջանում հակահայկական հիստերիայի և հայերի հանդեպ ատելության արմատավորման նպատակով»,- ասված է Արցախի ԱԳՆ հաղորդագրությունում։