Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

մինասյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ դատավոր Արտուշ Գաբրիելյանի աշխատակազմից։

Ավելի վաղ հայտնի էր, որ Միքայել Մինասյանը 2020թ մարտի 17֊ին որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2 դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը): Խոսքն, ըստ քրեական գործի, 1 մլն 200 հազար դոլարի փողերի լվացման մասին է։ Ընդ որում՝ քրեական գործը հարուցվել է 2018թ֊ին։ 

Միջնորդությունը դատարան էր ներկայացվել ավելի քան մեկ ամիս առաջ: Այս ընթացքում դատական նիստերը կայացել, ապա հետաձգվել են. պաշտպանական կողմն իր հերթին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավորին, բացարկի միջնորդություն՝ քարտուղարին, որոնք մերժվել են:

Մ.Մինասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա փաստաբանական թիմը այն որակել է իր աբսուրդության աստիճանով «Գրան Պրի» մրցանակի արժանի մեղադրանք։