Սխտորաճզմիչով փորձել էր բացել դուռը, չհրկիզվող պահարանից հափշտակել 40 միլիոնի ոսկի ու փող

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Ապրիլի 12-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Թիրախը Դանիել Վարուժանի փողոցի առանձնատներից մեկն էր։

Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ ներս են մտել, բացել տան դռներից մեկը և գտել տանտիրոջ չհրկիզվող պահարանը, որը պատի մեջ էր։ Տուն մտած անձը փորձել էր սխտորճզմիչով բացել պահարանի դուռը, բայց չէր կարողացել, ուստի դուրս էր եկել տնից ու վերադարձել արդեն երկաթե գործիքով, ինչով էլ բացել էր պահարանի դուռը՝ հափշտակելով փող ու զարդեր։

Նախնական տվյալներով՝ տուժողին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 40 միլիոն դրամից ավելի վնաս։

Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, ինչին հաջորդեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Հանցագործության բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։ Օրեր տևած համատեղ միջոցառումները ցանկալի արդյունք տվեցին։ Իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին բնակարան մտած անձի ինքնության վերաբերյալ։ Նրանց տեսադաշտում հայտնվեց նույն թաղամասում բնակվող 32-ամյա մի տղամարդ, որը մայիսի 1-ի գիշերը Երևանի Աճառյան փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։

Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։