«BMW X5»-ն Իսակովի պողոտայում բախվել է բաժանարար պատնեշին, ապա՝ բախվել գովազդային սյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

վթար

Մայիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմանում Երևանի Շահումյան փողոցի բնակիչ, 26-ամյա Մհեր Սեդրակյանը իր վարած «BMW X5» ավտոմեքենայով Իսակովի պողոտայի 81/4 հասցեի դիմաց բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին, շրջել այն, ապա, առաջ ընթանալով, բախվել գովազդային սյանը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Մ. Սեդրակյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի Շահումյան փողոցի բնակիչներ, 30-ամյա Արայիկ Աղայանը, 29-ամյա Անդրանիկ Ջաբուրյանը և 30-ամյա Գառնիկ Բաղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, որ հոսանքազրկել է մեքենան, հատուկ տեխնիկայի միջոցով ճանապարհից հեռացրել տապալված երկաթե ճաղավանդակներն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի, քարշակի միջոցով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ վիրավորներից երկուսին հայտնաբերել են մեքենայից դուրս։