Ո՞ւր է Կիմ Չեն Ընը. եթե մահացել է, հնարավոր է՝ առաջնորդ դառնա մեկը, որ Կիմերի ընտանիքից չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

կիմ
«Ամերիկայի Ձայնը» հոդված է հրապարակել «Ո՞ղջ է արդյոք Հյուսիսային Կորեայի առաջնորդը, թե՞՝ ոչ» վերնագրով, որի շրջանակում անդրադարձել է այն հարցին, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կենդանի՞ է, թե՞ մահացած:

Ըստ աղբյուրի՝ Հյուսիսային Կորեան շարունակում է լռություն պահել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակի ու գտնվելու վայրի մասին: Այդ պատճառով շատերն են մտածում, որ նա այլևս չկա:

«Այս համոզմունքը խորացավ հատկապես ապրիլի 15-ին: Դրանից առավել կարեւոր օր այս երկրում չկա: Այդ օրն են այստեղ նշում երկրի հիմնադիր Կիմ Իլ Սունգի ծննդյան տարեդարձը, և իր պապի ծննդյան հանդիսավոր արարողությանը Կիմ Չեն Ընի բացակայությունը խորացնում է վերջինիս մահացած լինելու շուրջ կասկածները:

Արդյո՞ք նա ենթարկվել է սրտի անհաջող վիրահատության, արդյո՞ք կանգ է առել երիկամների աշխատանքը, արդյո՞ք նա իսկապես վիրավորվել է բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումներից մեկը դիտելու ժամանակ: Սրանք հարցեր են, որոնք շարունակ պտտվում են հատկապես այս երկրից դուրս»,-գրում է հոդվածագիրը, ապա հիշեցնում, որ կա նաև տեսակետ, ըստ որի՝ Կիմը պարզապես հանգստանում է ծովափնյա իր առանձնատանը` Վոնսանի ափերում:

«Սա Կիմի այսպես ասած անհետացման առաջին դեպքը չէ: Սա նաև նրա ամենաերկար բացակայությունը չէ: Հունվարին նա չերևաց 21 օր: Անցյալ տարի մայիսին անհետացել էր 22 օրով: 2014 թվականին Կիմը բացակայեց 40 օր: Սակայն դրանից հետո երևաց ձեռնափայտով:

Հարավային Կորեայի համալսարաններից մեկի պրոֆեսոր Պարկ Ուոն Գոնն նշում է Կիմ Չան Ընի շարունակ գիրանալու հանգամանքը, ինչը նրա խոսքերով, առողջական ինչ-որ լուրջ խնդրի արտացոլում կարող է լինել»,-գրում է «Ամերիկայի Ձայնը»:

Եթե Կիմն այն վիճակում է, որ այլևս չի կարող ղեկավարել երկիրը, փորձագետները դժվարանում են ասել, թե ով կփոխարիներ նրան: Նրա երեխաները դեռ շատ երիտասարդ են, եղբայրը շատ հեռու է քաղաքականությունից, հորեղբայրը թոշակառու է ու չունի ազդեցություն: Այդ պատճառով ամենահավանական թեկնածուն կարող է լինել նրա քույրը` Կիմ Յո Չանը:

«Սակայն արդյոք տղամարդկանց կողմից վերահսկվող այս երկրում կինը կստանա՞ հավանություն: Սա դեռ մեծ հարց է: Ուրեմն այդ դեպքում այս երկրի պատմության մեջ առաջին անգամ երկրի առաջնորդ կդառնա մեկը, որը չի ներկայացնում Կիմերի ընտանիքը: Դա, ըստ հյուսիսկորեական հարցերով վերլուծաբան Ֆրենք Աումի, երկիրը կարող է տանել դեպի քաղաքական անկայունության, երկրից կարող է սկսվել զանգվածային արտահոսք, իսկ միջուկային ծրագրի շուրջ անվտանգության թուլացումից կարող է սկսվել միջուկային նյութերի արտահոսք»,-գրում է հոդվածագիրն ու հավելում, որ սրանք կարծիքներ են, սակայն լուրջ մտահոգությունների տեղիք կտան, եթե պարզվի՝ Կիմ Չան Ընն իսկապես մահացել է: