Այդ օրը կպահանջեք ինձ հեռացնել պետական կառավարման պաշտոնից. Սամսոնյանը՝ ԱԺ միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

աժ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին: 

«Սիրելի՛ ընկերներ և գործընկերներ, ես շնորհակալ եմ, որ երեկ Ազգային ժողովում կատարված միջադեպի կապակցությամբ տեսա և լսեցի ձեր դատապարտող գնահատականները: Ես դա չեմ ընդունել միայն որպես իմ անձին սատարում, այլ առաջին հերթին` որպես մշակույթը փոխելու կամք: Դա ինձ համար կարևոր է: Եվ ես վստահ եմ, որ ով էլ հայտնվի նման միջադեպի կենտրոնում, անկախ այդ անձի քաղաքական, գաղափարական տեսակից, դուք և նաև ես նրան կպաշտպանենք:

Ստացածս նամակների ասելիքը հիմնականում հետևալն էր` չհիասթափվե՛ս և չնեղվե՛ս: Հիասթափվում ես, երբ ունես բարձր սպասելիքներ: Չեմ նեղվում, որովհետև ցանկացած երկար ճանապարհ նեղություն է:

Ներողամիտ եմ, բայց կարծում եմ, որ ցանկացած արժեքային երևույթ, որը գիտակցաբար փչացնում են պառլամենտի ամբիոնից, պետք է վերականգնվի հենց պառլամենտի ամբիոնից թեկուզ առանց անձնավորման:

Եվ խնդրանքս՝ ձեզ բոլորիդ: Այն օրը, երբ ես կլինեմ իշխանության ներկայացուցիչ և ինձ կպահեմ այնպես, ինչպես պահում են իրենց այսօր իշխանության ներկայացուցիչները (ես դա ինքս չեմ զգա երևի) կպահանջեք ինձ հեռացնել պետական կառավարման պաշտոններից, որովհետև ես լինելու եմ թունավոր պետության և հասարակության քաղաքական, հոգեկան և բարոյական առողջության համար:

Առո՛ղջ եղեք: Չնեղվե՛ք»,-գրել է Անի Սամսոնյանը։