«Թումո»-ին տրամադրվեց մոտ 2,5 մլն դրամի հողի հարկի արտոնություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

․

Երևան քաղաքի ավագանու որոշմամբ Թումանյանի անվան զբոսայգում գտնվող «Թումո» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող հողամասի համար սահմանվեց հողի հարկի արտոնություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնադրամն ազատել է 2 մլն 497 հազար 149 դրամի չափով հողի հարկի վճարումից։

«Երևանի Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասն անհատույց օգտագործման իրավունքով պատկանում է Սիմոնյան կրթական հիմնադրամին։ Այն իրականացնում է բարեգործական կրթական ծրագրեր, միևնույն ժամանակ հիմնադրամի կողմից պարբերաբար կատարվում են այգու պահպանման և բարեկարգման աշխատանքներ»,- հայտնեց Երևանի քաղաքապետարան Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը։

Հաշվի առնելով հանրության համար Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից Երևանի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում գտնվող զբոսայգու բարեկարգման, այգու պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքների ծավալը, այդ տարածքում իրականացվող կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը, ինչպես նաև կարևորելով Թումանյանի անվան զբոսայգին մշտապես ըստ նշանակությամբ օգտագործվելու և բարեկարգված պահելու անհրաժեշտությունը՝ Երևանի ավագանին Սիմոնյան կրթական հիմնադրամին տրամադրեց հողի հարկի արտոնություն:

Որոշումն ընդունվեց 23 կողմ, 2 դեմ և 11 ձեռնպահ ձայներով։