Հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 125 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News    

ոստիկանություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 23-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 125 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, մարմնական վնասվածք հասցնելու՝ 21, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 7, գույքի դիտավորությամբ վնասման՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ապօրինի ծառահատման և ծեծի՝ 3-ական, անձի առևանգման, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի ու 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2-ական, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերք առգրավելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, խոշտանգման, ինքնիրավչության, ազատազրկման վայրից փախուստի, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և առանց իրացման նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու և գույքի դիտավորությամբ վնասման՝ 2-ական, ու կողոպուտի 1 դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: