«Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում Հանրայինին հետևողական լինել սեփական աշխատակցի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

,

Հանրային միջոցներով գործող Հանրային հեռուստաընկերության լրագրող Գեւորգ Թոսունյանն  անդրադարձել է փաստաբան Ամրամ Մակինյանի  ֆեյսբուքյան հրապարակմանը, որտեղ Մակինյանը նշել է. «Սկանդալային ռեպորտաժում» նշված հարցերին չանդրադառնալն ուղղակիորեն հաստատելու է այն վարկածը, որ քննչական մարմինը եւ հանրային հեռուստաընկերությունը ղեկավարվում են միեւնույն կենտրոնից եւ հետապնդում են միեւնույն նպատակը, այն է՝ ցանկացած եղանակով իրականացնել իջեցված պատվերը»։

Այս առնչությամբ «Մեդիա պաշտպանը» իր հաղրդագրության մեջ նշել է. «Գեւորգ Թոսունյանն իր գրառման մեջ նման որակումներն անընդունելի է համարել ԶԼՄ-փաստաբան հարաբերություններում, բայց նույն գրառման մեջ փաստաբանի միտքը որպես վերնագիր ներկայացրած «Հրապարակ» օրաթերթին անվանել է մերժված լրատվամիջոց։ Լրատվամիջոցն էլ վերցրել է չակերտների մեջ։  Գեւորգ Թոսունյանն անընդունելի է համարում փաստաբանի արտահայտությունները, բայց, միեւնույն ժամանակ, ինքը որպես լրագրող իրեն թույլ է տալիս վիրավորել սեփական համայնքի ներկայացուցիչներին։ Փաստացի լրագրողն իրեն դուրս է դնում լրագրողական համայնքից, նման մեկնաբանությունը լրագրողական էթիկային դեմ է ու խարխլում լրագրողական միասնությունը:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը, մասնավորապես, լուրերի թողարկման ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Շահինյանին հետեւողական լինել սեփական աշխատակցի նկատմամբ եւ հորդորել նրան, որպեսզի վերջինս չանցնի բարեկրթության սահմանները։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմաթիվ անգամներ է ֆիքսել Հանրային հեռուստաընկերության եւ լրատվական թողարկումների բացթողումները, ողջ հանրությունը հետեւում է Հ1-ում շարունակական սկանդալներին, բայց չի նկատել, որ Հանրային հեռուստաընկերությանն անվանեն «մերժված լրատվամիջոց»: