«Մուլտի Գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

ю

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր՝ ապրիլի 25-ին տեղի ունեցավ «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանավորման դեմ ներկայացված բողոք-միջնորդության քննությունը։

Դատարանը բավարարել է Առուստամյանի պաշտպանի միջնորդությունը, միաժամանակ բավարարել է նաև նրան կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Արդյունքում որոշում է կայացվել 2 ամիս ժամկետով կալանավորել Սեդրակ Առուստամյանին։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։ 

«Առուստամյանը 2009 և մոտ 2015 թվականներին փոխառության պայմանագրեր է կնքել 2 անձանց հետ։ 4 տոկոսով գումար է տրամադրել նրանց։ Ըստ մեղադրանքի՝ մի քանի տարի անցել է և տոկոս չի ստացել Առուստամյանը, նշանակում է՝ կաշառք է տվել նրանց։

Քրեական գործով, ըստ էության, Առուստամյանը մեղադրվում է կաշառք տալու և դրա հետ փոխկապակցված փողերի լվացման մեջ։ Սակայն պայմանագրերի ժամկետները երկարացվել են, ուժի մեջ են, քաղաքացիաիրավական բնույթ ունեն»,-ասաց պաշտպանը։

Պաշտպանը նշեց, որ տվյալ գործում միայն այս դրվագն է վերաբերում Սեդրակ Առուստամյանին, որի շրջանակում դեռ որևէ փաստարկներ չեն ներկայացվել։ Այլ անձինք չեն հարցաքննվել, և բավարար ապացույցներ չեն ներկայացվել։ 

«Սեդրակ Առուստամյանն այս գործով հարցաքննվել է օգոստոսի 27-ին, ապրիլի 23-ին, ապրիլի 24-ին, նաև այսօր է հարցաքննվել՝ ապրիլի 25-ին։ Բոլոր հարցերին պատասխանել է, հերքելու որևէ բան չունի, որ հրաժարվի հարցաքննվելուց»,- նշեց Սուքիասյանը։

Հովիկ Սուքիասյանը նշեց, որ շատ սեղմ ժամկետներում բողոքարկելու են դատարանի որոշումը։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Սեդրակ Առուստամյանին ձերբակալել է ապրիլի 23–ին։ Սկզբում Առուստամյանը եղել է վկայի կարգավիճակով և ցուցմունք է տվել տվյալ գործի շրջանակում, ինչից հետո է ձերբակալվել է։ 

Նշենք նաև, որ Առուստամյանը անցնում ևս 2 քրեական գործով։ Մեկ քրգործով նրան մեղադրանք է առաջադրվել Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու դեպքով։ Մասնավորապես՝ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը)։ Երկրորդ մեղադրանքը վերաբերում է ՀՔԾ–ում քննվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանն առնչվող քրգործին։ Առուստամյանը Մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու և փողերի լվացման համար:

Սոնա Գրիգորյան