Լավրովը բացեց խաղաթղթերը, Մնացականյանը ծանրագույն պատասխանատվություն վերցրեց ուսերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

    

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չի հերքել ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ըստ որի՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային սեղանին քննարկվում է հարցի լուծման փուլային տարբերակը։ Այս մասին նա հայտարարել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

«Եթե ուշադիր լինեիք արտգործնախարարի հայտարությանը, ապա կտեսնեինք՝ նա ըստ էության չի էլ հերքել, ուղղակի բառախաղի միջոցով մեզ թյուրիմացության մեջ է գցել։ Լավրովը շատ պարզ բան է ասել՝ սեղանին կա փաստաթուղթ, գնում են բանակցություններ, որոնք ենթադրում են մի քանի փուլ։ Առաջին փուլում հանձնվում են որոշակի տարածքներ, որի դիմաց բացվում են կոմունիկացիաներ։ Մնացականյանը նախ օգտագործում է բանակցություններ բառը։ Դրանից հետո պատասխանում է՝ մեզ համար կարեւորը անվտանգության խնդիրն է։ Այդ տարածքները, որոնք բուն Արցախին չեն վերաբերում, հենց անվտանգության տարածքներն են։ Հիմա, եթե ասում ենք՝ անվտանգության խնդիր է, այնտեղ էլ ասում են՝ միջազգային հանրությունը կապահովի ձեր անվտանգությունն ինչ-ինչ եղանակներով, նշանակում է՝ տարածքները երկրորդական են դառնում՝ որպես անվտանգության խնդիր, պաշտպանական խորություն։ Այսինքն՝  անվտանգության հարցը, որը մեզ համար այդքան կարեւոր է,  չի ժխտում Լավրովի ասածը տրամաբանության առումով։ Երկրորդը՝ ինքն ասում է՝ մեզ համար կարեւոր է Արցախի ինքնորոշման իրավունքը, բայց այդ տարածքներն Արցախի ինքնորոշման տարածքների մեջ չեն մտնում միջազգային բանակցություններում։ Եվ ասում է, որ մենք քննարկում ենք ինչ-որ տարրեր։ Ըստ էության նա չի հերքել»,- կարծում է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ եթե ընդունենք, որ Լավրովը ստում է, իսկ կան համանախագահող երկրներ, որոնք ՌԴ-ի հետ շատ կարեւոր այլ հարցերում գործընկերներ են եւ դիվանագիտության մեջ ուղղակիորեն ստել չի կարելի, նշանակում է՝ նա այլ հարցերում անվստահություն է ձեռք բերում Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի մոտ։

Շարունակությունը՝ տեսանյութում։