Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի փաստաբանը վճռաբեկ բողոք կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

գագիկ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Հրանտ Անանյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ պատրաստվում է վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնել:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Գագիկ Բեգլարյանը որպես մեղադրյալ ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Բեգլարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝ 233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը: ԱԱԾ քննչական դեպարտամենտը Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, ինչը դատարանը բավարարել է:

Փաստաբանը գտնում է, որ դատարանը, կալանավորման միջնորդությունը քննելիս, դուրս է եկել քննիչի ներկայացրած միջնորդության շրջանակներից՝ արձանագրելով այնպիսի ենթադրյալ հանգամանքներ, որոնք քննիչը նույնիսկ մեղադրյալ ներգրավելու որոշմամբ չէր վերագրել Բեգլարյանին: Մասնավորապես՝ դատարանն իրեն իրավունք է վերապահել զարգացնելու այն վարկածը, իբր 2009թ. դեկտեմբերի 23-ին Երևանի ավագանու նիստ տեղի չի ունեցել, քվեարկություն՝ ևս, ուստի՝ իբր թիվ 55-ն որոշումը չի ընդունվել, բայց Գ.Բեգլարյանը ստորագրել է գոյություն չունեցող որոշում, որը նորմատիվ իրավական ակտ է, անմիջապես հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում և համացանցում:

Ավելին՝ փաստաբանը կասկածներ էր հայտնել, որ Բեգլարյանին կալանավորելու մասին միջնորդությունը քննելիս և որոշում կայացնելիս դատարանը կաշկանդված է եղել: