Արթուր Գևորգյանը մտադիր էր վերադառնալ, բայց մեղադրանքն ապօրինի է, գա՝ կալանավորե՞ն․պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

իրավական

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի պաշտպան Հրանտ Անանյանը բողոք-միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն։ Այդ թվում՝ բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած կալանավորման մասին որոշումը Վերաքննիչ քրեական դատարանում։

«Բողոք-միջնորդության մեջ հետևյալ պահանջներ եմ ներկայացրել՝ վերացնել Արթուր Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը` առանց բավարար և պատշաճ հիմքերի կայացված լինելու հիմքով, վերացնել խափանման միջոց կալանավորումն ընտրելու որոշումը՝ թե՛ կասկածի անհիմն լինելու, թե՛ կալանավորման հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, վերացնել Արթուր Գևորգյանին մեղադրյալ ներգրավելու որոշումը, դադարեցնել քրեական հետապնդումը՝ հանցակազմի սուբյեկտիվ և օբյեկտիվ կողմերի բացակայության հիմքով,  կարճել քրեական գործով վարույթը»,- 24News-ի հետ զրույցում նշեց պաշտպանը։ 

Փաստաբան Անանյանը պնդում է, որ Գևորգյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքն ամբողջությամբ ապօրինի է՝ մանրամասնելով․

«Գևորգյանն ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի 1426 Մերրիման ԴՐ հասցեում գտնվող առանձնատունը ձեռք է բերել ոչ թե 2019 թվականի հունվարի 10-ին, այլ՝ 2019 թվականի մարտի 6-ին, հետևաբար՝ 2019-ի հունվարի 14-ի պաշտոնաթողության հայտարարագրում չպետք է արտացոլվեր այդ գույքը, քանի որ դեռ չէր վճարել այդ տան դիմաց»։

Հրանտ Անանյանը նշեց, որ բավարար ապացույցներ է ներկայացրել և շարունակում է ներկայացնել նախաքննական մարմնին։ 

Պաշտպանը հայտնեց, որ Արթուր Գևորգյանը չի ծանուցվել և եթե ուղարկվել է ծանուցագիրը, ապա՝ թող նախաքննական մարմինը հրապարակի այն. « Ո՛չ Հայաստանում գտնվող նրա բնակության վայր է ծանուցագիր ուղարկվել, ո՛չ էլ ԱՄՆ-ի իր բնակության վայր, չկա էդպիսի բան, իրականությանը չի համապատասխանում»։

Պաշտպանը նաև նշեց, որ տվյալ գործով որևէ հարցաքննություններ չեն եղել, Հայաստանի բնակավայրի հասցեում ապրող ընտանիքի անդամներին չեն հարցաքննել և չեն փորձել տեղեկանալ, թե որտեղ է գտնվում Արթուր Գևորգյանը։ 

Այնինչ, 24News-ին Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ ծանուցում ուղարկվել է Արթուր Գևորգյանի մշտական բնակության վայր։ 

Այն հարցին, թե Գևորգյանը մտադրություն ունի՞ Հայաստան վերադառնալու՝ պաշտպանը պատասխանեց․ «Մտադրություն ունի, բայց ներկայիս կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված խիստ ռիսկային է վերադառնալ, թռիչք չկա, նաև՝ ապօրինի կալանավորման որոշում են կայացրել, հիմա գա՝ կալանավորեն, հետո նոր տեսնենք ճիշտն ու սխալը ո՞րն է։ Պետք է փոխվի խափանման միջոցը և Գևորգյանին հնարավորություն տրվի գալ և իր տեսակետը ներկայացնել, բայց հեռահար որոշել են կալանավորել նրան, պահեն մեկուսարանում, հետո մտածեն՝ թողեն, թե չթողեն»։

Մեր այն դիտարկմանը, եթե, ըստ պաշտպանի, ապօրինի է մեղադրանքը և կալանավորման որոշումը, ապա որևէ այլ ենթատեքստ կարո՞ղ ենք տեսնել նախաքննական մարմնի գործողություններում, պաշտպանը հետևյալ կարծիքը հայտնեց․ «Միտումներ տեսնում եմ, քաղաքական են այդ միտումները, թե ոչ, դեռ չեմ կարող ասել»։

Եզրափակելով իր խոսքը՝ պաշտպանը նշեց, որ առաջադրված մեղադրանքը Արթուր Գևորգյանը միանշանակ չի ընդունում։ 

Տեղեկացնենք, որ Արթուր Գևորգյանը ներկայումս ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ–ում։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգրավվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ Պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Սոնա Գրիգորյան