Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News       

Ազնավուր

Կառավարության ապրիլի 23-ի նիստում որոշում է կայացվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլվում են և ստեղծվում  ԿԳՄՍՆ «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Ըստ որոշման հիմնավորման՝ «Երևանի մշակույթի պետական քոլեջը» և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը» իրականացնում են գրեթե միևնույն մասնագիտական ուսուցում և հարկերով առանձնացված լինելու հանգամանքից ելնելով խաթարվում է ուսումնական հաստատությունների բնականոն գործընթացը:

Այդ երկու քոլեջներում ուսուցանվում է  համապատասխանաբար  6 և 9 մասնագիտություններ, որոնցից «Երգեցողություն», «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա» և «Էստրադային արվեստ» մասնագիտությունները կրկնվում են և ուսուցանվում են երկու ուսումնական հաստատություններում:

Կազմակերպության վերակազմակերպումը, ինչպես նաև դրա նկատմամբ պարտավորական կամ այլ իրավունքներ ունեցող անձանց փոփոխությունը հիմք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե տեղի չի ունենում աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքներիկրճատում:

Միաձուլման արդյունքում, նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես վարչական և ուսումնաօժանդակ, պայմանավորված նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ  (սովորողների թվի փոփոխություն):