Լավրովը իր ընկալումն է հայտնել, ՀՀ ԱԳՆ-ն՝ այն իրողությունները, որոնք կան. Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ռ

«ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր դիրքորոշումը կամ ընկալումն է հայտնել, ՀՀ ԱԳՆ-ն՝ այն իրողությունները, որոնք կան, ու մեր դիրքորոշումը դրա վերաբերյալ»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառանալով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը հաջորդած Մնացականյանի պատասխանին։

Նա նաև հավելել է՝ Մնացականյանը երեկ ասում էր իրականությունը:

Ռուբինյանն անդրադաձել է նաև այն հարցին, թե արդյոք տեսնում է ռուսական կողմից պարզաբանում պահանջելու անհրաժեշտություն. «Եթե կարիք լինի, հնարավոր գործողությունների տեսակը ԱԳՆ-ում կորոշվի»։

Ռուբինյանը չի համաձայնել այն պնդման հետ, որ ՌԴ ԱԳՆ նման հայտարարությունը կարող է փաստել ՌԴ-ի՝ Ադրբեջանին աջակցելու մասին:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հիմնականում բալանսավորված են իրենց դիրքորոշումներում։ Կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, թե ինչու է այս կամ այն հայտարարությունները հնչում»:

Ռուբինյանը նաև պարզաբանել է, որ բանակցային սեղանին չկա փաստաթուղթ. թե ինչ է քննարկվում, բազմիցս հայտարարվել է վարչապետի կողմից:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ակտիվ քննարկվում են անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ առաջարկված Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումները։

Խոսքը, նրա պնդմամբ, հակամարտության փուլային կարգավորման մասին է, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած մի շարք շրջանների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում: 

Ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարը պնդել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, և որ միակողմանի զիջումներ չեն եղել և չեն լինելու։