Ամեն մի դատական գործ քննություն է նաև ժողովրդի առջև. դատավորների երդման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

երդմանարարողություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հայկյանցի, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանի և վարչական դատարանի դատավոր Ռուստամ Մախմուդյանի երդման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ձեր պարտականությունները կատարելու յուրաքանչյուր օր պետք է նվիրված լինի այն կարևորագույն խնդիրներին, որոնք դրված են Բարձրագույն դատական խորհրդի առաջ»,- շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ընդգծել է Հանրապետության նախագահը:

Նախագահ Սարգսյանը հաջողություններ և երկար տարիների անբասիր աշխատանք է մաղթել նաև մյուս դատավորներին: «Վստահ եմ, որ լավ եք գիտակցում ձեր պաշտոնի ու գործի դերն ու նշանակությունը մեր հասարակության ու մեր Հանրապետության համար: Ամեն մի դատական գործ, ամեն մի դատական քննություն քննություն է նաև ժողովրդի առջև: Վստահ եմ, որ շատ լավ գիտակցում եք, որ մանավանդ այսօր մեր հասարակության յուրաքանչյուր անդամի ուշադրությունը դատավորի, դատարանի նկատմամբ առանձնահատուկ է: Հետևաբար, սա ոչ միայն պատիվ է, այլև՝ հսկայական պատասխանատվություն: Հուսով եմ, որ ամենաբարձր մակարդակով կիրականացնեք ձեր աշխատանքը»,-նշել է նախագահ Սարգսյանը: