Արցախում Մարտակերտի ու Շահումյանի շրջանում ազատ տեղաշարժի սահմանափակումներ կան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News 

հասարակական

24News-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

- Պարոն Աբրահամյան, ի՞նչ վիճակում է գտնվում Արցախում՝ կորոնավիրուսով վարակված անձանց առողջական վիճակը: Ըստ նոր տվյալների՝ քանի՞ մարդ է վարակվել, քանիսը՝ մեկուսացվել կամ ինքնամեկուսացվել: Կա՞ն արդյոք փակ (կարանտինային) համայնքներ:

- Արցախում նոր կորոնավիրուսով վարակի 7 դեպք է գրանցվել, երկուսն արդեն առողջացել են: Սկզբնական շրջանում, Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ, ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակման գործողությունները տարածվում էին Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք, Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ, Հաթերք ու Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքների վրա: Բայց ապրիլի 17-ին, պայմանավորված Քաշաթաղի շրջանի առողջացած քաղաքացիների փաստով, սահմանափակումները վերացվեցին:

- Հակահամավարակային ի՞նչ միջոցառումներ են իրականացվում: Հնարավո՞ր է՝ Արցախում նույնպես արտակարգ ռեժիմ սահմանվի: Եթե այո՝ պետությունը պատրա՞ստ է դրան, պահուստային միջոցներ ունի՞: 

- Ստեղծված իրավիճակում, Արցախի սահմանադրությամբ, միայն մեկ ռեժիմ կարելի էր սահմանել՝ արտակարգ իրավիճակ: Այսօր հակահամաճարակային բոլոր միջոցառումներն այդ ռեժիմի տրամաբանության ներքո են իրականացվում:

Հակահամաճարակային միջոցառումներն Արցախում մեկնարկել են դեռևս փետրվարից, երբ օպերատիվ շտաբ ստեղծվեց, իսկ արտակարգ իրավիճակում այդ գործողությունները միջոցառումների առավել ծավալուն փուլ են մտել: Կրթական, մարզական, մշակութային հաստատությունները տևական ժամանակ է փակ են, սահմանափակումներ են մտցված պետական կառավարման համակարգում:

Ախտահանման աշխատանքներ են իրականացվում Ստեփանակերտում, վարչական կենտրոններում և բոլոր այն տարածքներում, որտեղ մարդկանց ակտիվ տեղաշարժեր կան: Պարետատունը սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ փոփոխություններ է մտցրել, պարենային անվտանգության ապահովման և առկա մակարդակի բարձրացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում:

- Ի՞նչ իրավիճակ է սահմանին: Շուտով ապրիլի 24-ն է, ու հակառակորդը, որպես կանոն, այդ օրերին ակտիվանում է: 

- Զինված ուժերը բոլոր իրավիճակներում պատրաստ են հակառակորդի ցանկացած գործողություններին:

Վրույր Սևակ

Տեսանյութեր

Live

Լրահոս