ԵԽ պատգամավորը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

արայիկպատրիկ

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և անվտանգության ու պաշտպանության ենթահանձնաժողովի մշտական անդամ Լարս Պատրիկ Բերգը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին.

«Ձերդ գերազանցություն, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան, խնդրում եմ՝ ընդունեք իմ ջերմագույն շնորհավորանքները Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև իմ շնորհավորանքները բուն ընտրության կապակցությամբ, որն անցավ արտակարգ իրավիճակի պայմաններում:

Ժողովրդավարության նման հաջող դրսևորումը կարող է միայն բարձրացնել Արցախի միջազգային հեղինակությունը, և ես հույս ունեմ, որ այժմ կստեղծվի հնարավորություն, որ Արցախն իր տեղը զբաղեցնի ազգերի համայնքում, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով համագործակցի հարևանների հետ:

Ես հիասթափությամբ կարդացի ընտրությունների ընթացքի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի արտաքին գործերի ծառայության հայտարարությունը: Որպես Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝  կփորձեմ այս հարցը բարձրացնել փոխնախագահ Ջոսեպ Բորելի մոտ, ինչպես նաև խորհրդարանական հարցադրման ձևաչափով հարց կուղղեմ, թե արդյոք կարող ենք համոզել Եվրոպական համաժողովին՝ ավելի կառուցողական ուղղություն ունենալու:

Խնդրում եմ, մի երկմտեք կապվել ինձ հետ այն դեպքերում, երբ ես կարող եմ օգտակար լինել, և ևս մեկ անգամ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները»: