Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դանիբեկյանը աշխատանքի է ներկայացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News 

իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր՝ ապրիլի 17-ին, ներկայացել է աշխատանքի: 24News-ին այդ մասին տեղեկացրեց Երևան քաղաքի դատարանի աշխատակազմի ղեկավար Արման Ասլանյանը։

«Դանիբեկյանի բյուլետենն ավարտվել է: Այս պահին աշխատանքի վայրում է», - ասաց Ասլանյանը։ 

Այն հարցին, թե դատավորի վարույթում գտնվող որևէ գործով դատական նիստ կայանալո՞ւ է այսօր, աշխատակազմի ղեկավարը նշեց, որ այդ մասին որևէ տեղեկություն չունի։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հիվանդության թերթիկ էր բացել մարտի 13-ին: Նրա վատառողջ լինելու պատճառով մարտի 17-ին չէր կայացել նրա վարույթում գտնվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով նիստը։ Նշենք, որ նիստն արդեն արդեն 5 շաբաթ է, ինչ չի կայացել։ 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պաշտպանական թիմը տեղյակ էր, որ Աննա Դանիբեկյանը պետք է աշխատանքի ներկայանար, սակայն դատական նիստի վերաբերյալ իրենց որևէ տեղեկություն չեն հայտնել։ Դատական տեղեկատվական համակարգում ևս տեղեկություններ չկային նիստի նշանակման վերաբերյալ։

Սոնա Գրիգորյան