«Հաղթանակի Փոխանցումավազքը» ժամանեց Հայաստան, փակումը լինելու է Մոսկվայում. ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

աած

Ապրիլի 14-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 75-ամյակին նվիրված` ԱՊՀ մասնակից պետությունների սահմանների երկայնքով Փոխանցումավազքի անցկացման հանդիսավոր միջոցառումը:

ԱԱԾ-ի լրատվությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով «Հաղթանակի Փոխանցումավազքի» անցկացման մեկնարկի արարողությանը մասնակցեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վ. Սարգսյանը եւ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռ. Գոլուբիցկին։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը իր խոսքում նշեց սահմանապահների ունեցած մեծ վաստակը Հայրենիքի առջեւ, ովքեր առաջինն էին իրենց վրա վերցրել գերմանական զորքերի հարվածները։ Վ.Սարգսյանը նաեւ շնորհակալություն հայտնեց սահմանապահներին, ովքեր այսօր հավատարմորեն ծառայում են իրենց պետությանը, ժողովրդին եւ հակազդում յուրաքանչյուր մարտահրավերի: Նշելով հայ ժողովրդի դերը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, գնդապետ Վ. Սարգսյանն ասաց. «Չկա մի ընտանիք ողջ ԱՊՀ տարածքում, որին պատերազմը չի անդրադարձել: Ամբողջ Խորհրդային Միությունից մոտ 600 հազար հայ համալրել են Կարմիր բանակի շարքերը, ավելի քան 300 հազարը՝ զոհվել մարտադաշտերում: Հայ ժողովուրդը պատվով է կատարել իր պարտքը Հայրենիքի հանդեպ: Այս Հաղթանակը մեր ժողովուրդների ընդհանուր Հաղթանակն է, որը մենք երբեք չպետք է մոռանանք»:

Փոխանցումավազքը կանցնի ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանային ստորաբաժանումներով, որից հետո ապրիլի 17-ին Գյումրիում կփոխանցվի ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին։  Այն կշարունակի իր ճանապարհը` անցնելով ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության սահմանային ստորաբաժանումներով:

«Հաղթանակի Փոխանցումավազքի» անցկացումը նախատեսված է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ՝ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի առաջարկով, որի նպատակն է հավերժացնել ԱՊՀ ժողովուրդների հերոսական սխրանքը եւ միասնությունը։

1

Փոխանցումավազքը փետրվարի 5-ին միաժամանակ մեկնարկել է Բրեստ եւ Մուրմանսկ քաղաքներից: Այն անցնում է ԱՊՀ 9 երկրների՝ ավելի քան 60.000 կմ ընդհանուր երկարությամբ սահմաններով։

Փակման հանդիսավոր արարողությունը նախատեսված է մայիսի 28-ին ՌԴ մայրաքաղաքում։