Սաղ ժողովուրդը դուրսն ա, հնարավոր չի ապրել, կառավարությունը պիտի ապահովեր ամեն ինչով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

Կառավարությունը ապրիլի 13-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ որոշեց ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը Հայաստանի ամբողջ տարածքում՝ համավարակի տարածումը կանխելու նպատակով։ Այսինքն՝ մինչև մայիսի 14-ը, ժամը 17:00-ն Հայաստանում կյանքը կշարունակվի մի շարք սահմանափակումներով: 24News-ը զրուցել է քաղաքացիների հետ՝ պարզելու՝ ի՞նչ են կարծում կառավարության այս որոշման վերաբերյալ։ 

Հարցմանը մասնակցած քաղաքացիներից մի քանիսը նշեցին, որ ճիշտ են համարում կառավարության որոշումը, և այն արդյունավետ կարող է լինել համավարակի դեմ պայքարում։ 
 
«Պատրաստ ենք 30 օր էլ այսպես ապրել, ուրիշ ելք չունենք, կառավարության այս որոշումը մարդկանց կստիպի ավելի քիչ դուրս գալ տնից, կորոնավիրուսի տարածումն ինչ-որ չափով կկանխվի», - մեզ հետ զրույցում ասացին որոշ քաղաքացիներ։ 

Քաղաքացիների մյուս մասն էլ դեմ էր արտակարգ ռեժիմի երկարաձգմանը՝ պնդելով, որ 30 օր տանը մնալը ոչինչ չի փոխելու․ «Սաղ ժողովուրդը դուրսն ա, արտակարգ դրությունը երկարաձգելու փոխարեն կառավարությունը պիտի ժողովրդին ապահովեր ամեն ինչով, թե չէ՝ այսպես հնարավոր չի ապրել», - ասաց քաղաքացիներից մեկը։