Հյուսիսային Կորեան ԱՀԿ-ին դեռ չի հայտնել COVID-19 հիվանդության դեպքերի մասին. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

կորոնա

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը չի հայտնել երկրում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպքի մասին: Այս մասին երեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը, հաղորդում է РиаНовости-ն:

«ԿԺԴՀ-ն ԱՀԿ-ին չի հայտնել երկրում COVID-19 հիվանդության գրանցված որևէ դեպքի մասին», - ասել է Մարգարետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հյուսիսկորեական կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնել էր, որ հիվանդության բռնկման հենց սկզբից երկրում առավելագույն աստիճանի մանրակրկիտ հակահամաճարակային միջոցառումներ են ձեռնարկվել, ապահովվել են պաշտպանական միջոցառումների հետևողական կազմակերպվածությունը, միասնությունն ու պարտադիր լինելը, ինչի շնորհիվ էլ պահպանվել է բավական կայուն հակահամաճարակային իրադրություն:

Նշենք, որ վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1,934,557 դեպք, որից 120,438-ը՝ մահվան ելքով, կորոնավիրուսից բուժվել է 456,737 մարդ։