«Գազպրոմ»-ը դեռ չի պատասխանել փոխվարչապետի՝ գազի գնի իջեցման շուրջ բանակցելու նամակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

գրիգորյան

Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավարությունը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գազի գնի իջեցման շուրջ բանակցություններ սկսելու մասին նամակին:
«Կարծում եմ, որ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, և, կարծում եմ, ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ», - այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցերը, իսկ ավելի վաղ՝ մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նպատակով նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: 

Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ապրիլի 2-ին ստացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։