Դիլիջանի ոստիկանները մեծ թվով ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News       

Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Դիլիջանում բնակվող 35-ամյա մի տղամարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Ապրիլի 6-ին, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին Դիլիջանի Գետափնյա փողոցի  նրա տունն ու օժանդակ շինությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հայտնաբերվեցին ինքնաշեն երեք ատրճանակ՝  նախատեսված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ  կրակելու համար, երկու փամփուշտով լիցքավորված մեկնարկային ատրճանակ, տարբեր տրամաչափի 300-ից ավելի փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփեր, որոնցից 4-ը` լիցքավորված ընդհանուր 126 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով, ատրճանակի դետալներ, դանակ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ 35-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Հատուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։